Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը աշխատակազմին է ներկայացնում Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին


Կառավարության շենքը Ստեփանակերտում, արխիվ
Կառավարության շենքը Ստեփանակերտում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը այսօր քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ, Ղարաբաղի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Սուրեն Գրիգորյանին։

Նախքան նոր քաղաքապետին ներկայացնելը, Արա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Վազգեն Միքայելյանին եւ բարձր գնահատեց նրա կառավարման տարիներին Ստեփանակերտի զարգացման վիճակը։

Այնուհետեւ վարչապետը մատնանշեց այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին պետք է իրականացնի քաղաքային իշխանության նոր ղեկավարը։

«Շարունակել աշխատանքը ծայրամասային փողոցների բարեկարգման, շարունակել բնակարանաշինությունը, ավարտել ենթակառուցվածքների զարգացումը, փորձել առաջիկա տարիներին ամբողջությամբ վերանորոգել բարձրահարկ շենքերի տանիքները», - մասնավորապես թվարկեց Արա Հարությունյանը։

Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի առաջին գործերից մեկը լինելու է քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը ապահովելը եւ ստեփանակերտցիների համար քաղաքային իշխանություններին դիմելու եւ պատասխան ստանալու խոչընդոտների վերացումը։

«Ես համոզված եմ, պարոն վարչապետ, որ Ձեր աջակցությամբ մենք ավագանու եւ քաղաքապետարանի աշխատակազմի հետ կկարողանանք անել ամեն ինչ, որպեսզի մեր մայրաքաղաքը՝ մեր սիրելի Ստեփանակերտը, այցելուների համար լինի ավելի հմայիչ, իսկ մեր բնակիչների համար հարմարավետ», - իր խոսքում նաեւ ասաց Սուրեն Գրիգորյանը։

please wait

No media source currently available

0:00 0:02:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG