Մատչելիության հղումներ

Հաշմանդամների «Փարոս» երգչախումբը հանդես է գալիս մեծ բեմերում


«Փարոս» երգչախմբի անդամները խմբավար Րաֆֆի Միքայելյանի գլխավորությամբ
«Փարոս» երգչախմբի անդամները խմբավար Րաֆֆի Միքայելյանի գլխավորությամբ

1993 թվականին ստեղծված «Փարոս» հաշմանդամների ոչ պրոֆեսիոնալ երգչախումբը սկզբում ուներ 6-7 անդամ: Հիմա անդամների թիվը հասել է 25-30-ի:

Երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանն ասում է` 1993-ին չէր հավատում, որ երգչախումբը երկար կյանք կունենա:

«Այն ժամանակվա երգչախմբի խմբավար Վաչագան Նավասարդյանը նույնիսկ անկողնային հիվանդների հետ հենց հիվանդասենյակներում փորձեր էր անցկացնում: Եվ արդեն մյուս տարի երգչախումբն ունեցավ առաջին հրապարակային ելույթը», - ասաց Արմեն Ալավերդյանը:

Դրան հաջորդեցին մյուսները եւ 1997 թվականին «Փարոս»-ը ստացավ իր առաջին մրցանակը: Սկզբում երգչախմբի անդամները միայն սայլակավոր հաշմանդամներն էին, բայց 2005-2006 թվականներից սկսեցին հրավիրել նաեւ այլ հաշմանդամությամբ եւ ոչ հաշմանդամ կատարողների:

Տարիների ընթացքում փոխվեցին նաեւ երգացանկն ու խմբի մտածելակերպը:

«Սկզբում մեզ թվում էր, որ մեզ պետք է մրցանակներ տան միայն այն բանի համար, որ մենք հաշմանդամ ենք, դժվարությամբ ենք երգում եւ եկել-հասել ենք այդ երկիր: Բայց հասկացանք, որ ժյուրիին դա չի հետաքրքրում, եւ սկսեցինք ավելի լուրջ աշխատել մեր երգացանկի եւ երգեցողության որակի վրա», - նշեց Արմեն Ալավերդյանը:

«Փարոս»-ը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում եւ Ֆրանսիայում, հաջողությամբ մասնակցել է Մեծ Բրիտանիայում եւ Իտալիայում անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին: Այս տարի էլ Սլովակիայում մասնակցեց «Musica Sacra» հոգեւոր երաժշտության մրցույթին, որտեղ արժանացավ 3-րդ մրցանակին:

«Մեր երգչախմբի անդամներին միավորում է այն, որ մենք ապացուցում ենք, որ մարդը կարող է հասնել մեծ հաջողությունների՝ անկախ այն բանից, թե ինչ վիճակում է», - ասաց խմբի երգչուհի Շուշան Նավասարդյանը:

«Փարոս»-ը հանդես է գալիս մեծ բեմերում, բայց պետական կարգավիճակ չունի, չնայած որոշ միջոցառումների համար պետությունից աջակցություն ստանում է: Երգչախումբը ֆինանասավորվում է հիմնականում հովանավորների կողմից:

«Վերջին պատասխանը մշակույթի նախարարության կողմից այն էր, որ 2012-15թ.թ. պետբյուջեում միջոցների ավելացում չի նախատեսվում: Այսինքն ակնարկում են, որ էլ չդիմենք:Բայց մենք գիտենք, որ ավելացում, այդուհանդեձ, կա` շատ չէ, բայց կա: Իսկ պետական կարգավիճակ ստանալը կտա մեզ հուսալի ապագա, պետությանն էլ միայն պատիվ կբերի», - ասում է Ալավերդյանը:

2009-ին փոխվեց «Փարոս»-ի խմբավարը եւ գեղարվեստական ղեկավարը, ում դերը ստանձնեց երիտասարդ Րաֆֆի Միքայելյանը, ով Երեւան է ժամանել Լիբանանից: Րաֆֆին ասաց, որ առաջին կուրսից հետեւել է երգչախմբի գործունեությանը, իսկ «Փարոսը» գլխավորել է Արմեն Ալավերդյանի առաջարկով:

«Տարբեր խմբավարների հետ եմ խոսել, բայց Րաֆֆին միակն էր, ով միանգամից ասաց` այո», - պատմեց Արմեն Ալավերդյանը:

Րաֆֆի Միքայելյանն ասաց, որ երկար տարիներ մի խմբավարի հետ աշխատելով՝ երգչախումբն ունենում է սեփական ձեռագիրը եւ աշխատելաոճը եւ հավելեց, որ իր ձեռագիրը եւ երգացանկն է բերել խումբ:

«Մեր երգացանկը շատ բազմազան է. ես սիրում եմ, որ երբ մարդիկ գալիս են ոչ պրոֆեսիոնալ երգչախումբ լսելու, ամեն ինչից մի բան լսեն՝ հայկական դասական, ժողովրդական երգերի մշակումներ, հոգեւոր երգեր եւ ավելի մատչելի ստեղծագործություններ» , - ասաց Րաֆֆի Միքայելյանը:

please wait

No media source currently available

0:00 0:07:27 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG