Մատչելիության հղումներ

Էրդողանը նորից սպառնում է խզել կապերը Եվրամիության հետ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած շաբաթավերջին իր կուսակիցների հետ հավաքի ընթացքում սպառնացել է, թե Անկարան կսառեցնի հարաբերությունները Եվրոպական Միության հետ այն դեպքում, եթե Կիպրոսը 2012 թվականի հուլիսին հերթագայության կարգով վեց ամսով ստանձնի կառույցի նախագահությունը։

Կիպրոսի մասին Էրդողանն ասել է՝ «այդ այսպես կոչված պետությունը»։ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը։ Կղզին 1974 թվականին բաժանվել է երկու մասի այն բանից հետո, երբ ի պատասխան հույն «սեւ գնդապետների» ծրագրած հեղաշրջման փորձի, Թուրքիայի բանակը գրավել է կղզու հյուսիսային հատվածը։

Այն հետագայում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը միայն Անկարան է ճանաչել։

Անցած շաբաթ օրը Քիզիլչահամամ ավանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ արտասանած ելույթում Էրդողանը նաեւ սպառնացել է «պատասխան քայլեր ձեռնարկել այն դեպքում, եթե Կիպրոսը շարունակի նավթի եւ գազի հետախուզման աշխատանքները Միջերկրականում»։

Թուրքիան արդեն իր նավթախույզների թիմն է ուղարկել Կիպրոսի մոտ` նմանօրինակ որոնումներ կատարելու համար։

Այսօրվա դրությամբ Հյուսիսային Կիպրոսում տեղակայված է շուրջ 30-հազարանոց թուրքական զորամիավորում։

Երկու հատվածների սահմանին տեղակայված են ՄԱԿ-ի խաղաղապահները։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան ռազմակայաններ ունի կղզու արեւելյան եւ հարավային շրջաններում։

Կղզու վերամիավորման բանակցությունները բազմիցս վերսկսվել եւ ընդհատվել են, դրանց վերջին փուլը ՄԱԿ-ի միջնորդությամբ սկսվել է 2008-ին, սակայն առ այսօր էական արդյունք չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG