Մատչելիության հղումներ

Ալիեւը հավատում է, որ Ղարաբաղի խնդիրը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տալիս «Ալ-Ջազիրա»-ի թղթակից Դեյվիդ Ֆրոսթին, Բաքու, 11-ը հոկտեմբերի, 2011թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տալիս «Ալ-Ջազիրա»-ի թղթակից Դեյվիդ Ֆրոսթին, Բաքու, 11-ը հոկտեմբերի, 2011թ.
«Մինչ օրս հավատում ենք, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Ալ-Ջազիրա» արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Հայկական զինված ուժերը պետք է դուրս գան ադրբեջանական բոլոր տարածքներից, իսկ ադրբեջանցիներն էլ պետք է իրավունք ունենան վերադառնալու Ղարաբաղ։ Լեռնային Ղարաբաղին կարելի է տալ ինքնավարության կարգավիճակ», - ասել է Ալիեւը հարցազրույցում, որի մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։

Ինչ վերաբերում է շփման գոտում իրավիճակին, ապա, Ալիեւի փոխանցմամբ, այն փխրուն է, եւ չկա խաղաղություն։

Ադրբեջանի նախագահը նաեւ հավելել է, որ այսօր իր երկրում կա մեկ միլիոն փախստական, եւ, ինչպես միշտ, պնդել է, թե Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։

Ալիեւը նշել է, որ ադրբեջանական կողմը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 12-15 հազար մարդ է կորցրել։

Նրա փոխանցմամբ` Հայաստանի համար էլ լավ կլինի, եթե խնդիրը կարգավորվի։

Ադրբեջանի նախագահը համոզված է, որ իր երկիրը իրավունք ունի ցանկացած ճանապարհով կարգավորել այս խնդիրը, եւ որ միջազգային նորմերն այդ իրավունքը պաշտոնական Բաքվին տալիս են։

«Հայաստանը գաղափար է առաջ քաշել, որ որոշակի առումներով հետաքրքրված է Եվրամիությանը անդամակցելու հարցում։ Իսկ Դուք Եվրամիությանը անդամակցելու քայլ երբեւիցե արե՞լ եք», - «Ալ-Ջազիրա»-ի այս հարցին ի պատասխան` Ալիեւը նախ ասել է, թե տեղյակ չէ, որ Հայաստանը նման հայտարարություն է արել։ Ինչ վերաբերում է իր երկրին, ապա, նրա փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն եւ Բրյուսելը այսօր բավարարված են այն համագործակցությամբ, որ առկա է։

Խոսելով Կրեմլ Վլադիմիր Պուտինի սպասվող վերադարձի մասին` Ալիեւը կարծիք է հայտնել, թե ռուս - ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները Պուտինի օրոք էլ կմնան այդպիսին։ Բացի այդ, Ալիեւը հիշել է, որ Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահն էր, որ անկախացումից հետո այցելել է Ադրբեջան, եւ որ ռուս - ադրբեջանական բարեկամությունը հենց Պուտինի օրոք է սկսվել։

Ալիեւը նաեւ վստահեցրել է, թե Ադրբեջանը ժողովրդավարական պետություն է, իսկ Եվրախորհրդարանը պարբերաբար քննադատում է պաշտոնական Բաքվին, քանի որ Եվրոպայում ուժեղ է հայկական լոբբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG