Մատչելիության հղումներ

Բրեդ Ավագյանը պայքարում է ԱՄՆ-ի կոնգրեսական դառնալու համար


ԱՄՆ-ի կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի կոնգրեսի շենքը
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում ամերիկացի Բրեդ Ավագյանը` Դեմոկրատական կուսակցությունից, պայքարի մեջ է մտել կոնգրեսական դառնալու համար։

Հաղորդելով այս մասին` Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ Ավագյանը օգտագործում է իր ընտանիքի էթնիկ արմատները, Միացյալ Նահանգներով մեկ հայկական համայնքներից գումարներ է հայթայթում իր քարոզարշավի համար, չնայած ժամանակին խստորեն քննադատում էր նույն նահանգից չինական ծագում ունեցող նախկին կոնգրեսական Դեյվիդ Վյուին` նահանգից դուրս գումարներ հավաքելու համար։

Վյուն Կոնգրեսում միակ չինացի ներկայացուցիչն էր, նա անցած օգոստոսին հրաժարական տվեց սեքսուալ սկանդալի պատճառով։ Վյուն Դեմոկրատական կուսակցությունից էր, հիմա դեմոկրատները նախնական ներքին ընտրություն են անցկացնելու իրենց թեկնածուին որոշելու համար, եւ Ավագյանը մտել է պայքարի մեջ։

«Ամբողջ երկրով մեկ հայկական համայնքները շատ շահագրգռված են ներկայացուցիչ ունենալ Կոնգրեսում, որ կբարձրացնի նրանց հուզող հարցերը», - Associated Press-ին ասել է Բրեդ Ավագյանը։

Հայկական համայնքների օժանդակության հետ կապված, նա ասել է, որ ի տարբերություն Դեյվիդ Վյուի` իր քարոզարշավի համար գումարների մեծ մասը հավաքվում է տեղում` Օրեգոն նահանգում։

Բրեդ Ավագյանի նախընտրական շտաբը տարածել է իրենց թեկնածուի կենսագրությունը, ուր նշվում է, որ Ավագյանի նախնիները ապրել են Թուրքիայի արեւելյան շրջաններում տարբեր քաղաքներում, 1915 թվականի ցեղասպանությունից փախել են երկրից, վերջապես հաստատվել են Ֆրեզնոյում, որտեղ հայկական զգալի համայնք կար, եւ Ֆրեզնոյում են նրա տատն ու պապը ծանոթացել միմյանց հետ, ամուսնացել, 10 երեխա են ունեցել, որոնցից մեկը Բրեդ Ավագյանի հայրն է։

Օրեգոնում հայ համայնքը փոքր է` մոտավորապես 300 հայկական ընտանիք է ապրում, եւս մի քանի հարյուր ընտանիքներ հայկական ծագում ունեն, բայց նրանք չեն ընդգրկվում համայնքում։

Օրեգոնի հայկական փոքրաթիվ համայնքի ղեկավար Գեւորգ Բարսեղյանը Associated Press-ին ասել է. - «Մեր երազանքն է եւ ազգային հպարտությունը` ներկայացուցիչ ունենալ Միացյալ Նահանգների Կոնգրեսում»։

Associated Press-ը նշում է, որ Ավագյանը Կոնգրեսում կարող է լինել հայկական ծագում ունեցող երրորդ ներկայացուցիչը։ Դեմոկրատական կուսակցությունից Կալիֆորնիայից ընտրված երկու կին կոնգրեսականներ հայկական ծագում ունեն` Աննա Էշուն, ում ծնողներից մեկը հայ է, մյուսը` ասորի, եւ Ջեքի Սփեյերը, որի հայրը հրեա է, մայրը` հայուհի։

Օրեգոն նահանգում դեմոկրատների ներքին ընտրությունները անցկացվելու են նոյեմբերի 8-ին, Բրեդ Ավագյանը երկու հիմնական մրցակից ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG