Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում տարածվել է Ղարաբաղի ԱԳՆ-ի հայտարարությունը


Երեկ որպես Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի պաշտոնական գրություններ ՄԱԿ-ում տարածվել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հայտարարությունը տարածելու խնդրանքով կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին նախապես գրավոր դիմել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը` նշելով, որ ինքնակառավարման մարմինների գոյությունը բացարձակ անհրաժեշտություն է որեւէ հասարակության, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Նա ընդգծել է, որ արդեն 5-րդ անգամ անցկացված ընտրությունները Ղարաբաղում վերածվել են ժողովրդավարական գործընթացի, ինչը, ցավոք, դեռեւս անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրում, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

ՄԱԿ-ի պաշտոնական գրությունում ներառված Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ի հայտարարությունը, իր հերթին, շեշտում է Հարավային Կովկասը բաց ու ժողովրդավարական տարածաշրջան դարձնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներին կառուցողական ու հետեւողական վերաբերմունք ցուցաբերելու անհրաժեշտությունը, եւ հիշեցնում Ադրբեջանին, որ Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման դեմ բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ղարաբաղում անցկացվել են սեպտեմբերի 18-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG