Մատչելիության հղումներ

«Բանակն իրականում» խումբը կրկին բողոքի ակցիա անցկացրեց


Արխիվ - Հասարակական ակտիվիստները պահանջում են վերջ դնել բանակում շարունակական մահվան դեպքերին, 1 սեպտեմբեր, 2011
Արխիվ - Հասարակական ակտիվիստները պահանջում են վերջ դնել բանակում շարունակական մահվան դեպքերին, 1 սեպտեմբեր, 2011
Լեռնային Ղարաբաղում զինվորի մահվան վերջին` չորեքշաբթի օրվա դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:

Զոհվածը Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա զինծառայող Յուրիկ Ներսիսյանն է: Դեպքը տեղի է ունեցել երեկ Մատաղիսում: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա «մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել»:

Սա վերջին 4 օրվա ընթացքում զինված ուժերում զինվորի մահվան արդեն երկրորդ դեպքն է, որը որակվում է ինքնասպանություն: Նախորդ դեպքի` կրկին Խարբերդի բնակիչ Վլադիմիր Ասատրյանի գործով դեռեւս ձերբակալվածներ չկան, թեեւ պաշտոնապես հաղորդվեց, որ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ «Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ»:

«Բանակն իրականում» հասարակական խմբի ակտիվիստ Ծովինար Նազարյանը (նրա եղբոր` 30-ամյա սպա Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը եւս ինքնասպանության դրդելն է, չնայած հարազատների պնդումներին, որ Արտակին սպանել են), «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անընդունելի համարեց դեպքերն անմիջապես ինքնասպանություն որակելը:

«Երբ պաշտպանության նախարարությունը կամ զինդատախազությունը առաջին պահից հայտարարում է, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, իրենք արդեն դնում են կանխակալ վարկած եւ նույնիսկ հրաման կամ հրահանգ տալու կարիք չկա. ամբողջ պետական ապարատը աշխատում է այն ուղղությամբ, որ ապացուցի ինքնասպանության վարկածը: Ոչ միայն իմ եղբոր, այլեւ ինքնասպանության ոչ մի գործ այդպես էլ ընթացքում չի փոխվում: Հենց այդպես մտնում է դատարան, դատարանում դակվում է նախաքննության վարկածը ու այդպես որոշում են, որ արդարադատությունը իրականացրեցին», - ասաց Նազարյանը:

Բանակում վերջին տարիներին զոհվածների հարազատներն ու «Բանակն իրականում» նախաձեռնող խումբն այսօր բողոքի ցույց էր անցկացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով անաչառ քննություն անցկացնել եւ բացահայտել սպանությունները` մահվան դեպքերի չբացահայտման համար պատասխանատու համարելով ինչպես դատաբժիշկներին ու քննիչներին, այնպես էլ պաշտպանության նախարարին ու Հայաստանի նախագահին:

Զոհված Արտակ Նազարյանի մայրը եւ մյուս զոհերի ծնողները նաեւ Սեյրան Օհանյանին հանդիպելու ակնկալիքով էին եկել կառավարության շենքի մոտ, քանի որ այսօր կառավարության նիստն էր, բայց նախարարն այդպես էլ չեկավ նիստին մասնակցելու:

«Ես պատրաստվել էի Սեյրան Օհանյանի փոխանցելու իմ բաց նամակը եւ նախորդ դիմումը` ուղղված Գեւորգ Կոստանյանին, երբ ինքը հայտարարեց, որ մեզ համոզել է, որ իմ որդին ինքնասպան է եղել: Ես առաջին օրվանից ասել եմ, ասում եմ, եւ արդեն իսկ ապացուցված է, որ իմ որդին ինքնասպան չի եղել», - ասաց Արտակ Նազարյանի մայրը:

Նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը կառավարության նիստին նախարարի բացակայությունը պայմանավորեց զբաղվածությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG