Մատչելիության հղումներ

Թռչկանի ջրվեժի տարածքում վերսկսվել է ՀԷԿ-ի շինարարությունը


Թռչկանի ջրվեժը:
Թռչկանի ջրվեժը:
Թռչկանի ջրվեժի տարածքում վերսկսվել է փոքր ՀԷԿ-ի շինարարությունը, որն առժամանակ կասեցվել են բնապահպանների ճնշման ներքո:

Բնապահպանները, հիշեցնենք, պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումը վտանգում է Թռչկանի ջրվեժի բուն գոյությունը:

Բնապահպանության նախարարի մամլո խոսնակ Հասմիկ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ շինարարական աշխատանքները վերսկսվել են. - «[ՀԷԿ-ը] Կառուցվելու է, բայց չպետք է վնասի Թռչկան ջրվեժին… Մեր բնապահպանական տեսչական խումբը շատ լուրջ վերահսկողություն պետք է իրականացնի, որպեսզի մեր բնության այդ հրաշքը չտուժի: Բոլոր շինաշխատանքները լինելու են նախագծին համապատասխան: Այսինքն` եթե այնտեղ մի թերություն լինի, ապա կասեցվելու են շինարարական աշխատանքները»:

Բնապահպանները, սակայն, խիստ կասկածներ ունեն, որ եթե նույնիսկ նախագծով կառուցվի ՀԷԿ-ը, ջրվեժին մեծ վնաս կհասցվի:

«Ջրվեժի տեսքը չի կարող չտուժել: Մենք չենք ունենալու այն ջրվեժը, ինչ ունենք հիմա: Մենք ունենալու ենք մեկ այլ ջրվեժ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գյումրու «Օրհուս» կենտրոնի «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պետրոսյանը` առաջարկելով. - «Թող թույլ տան մեկ այլ հատվածում, գետի ավելի վերեւներում: Ճիշտ է ծախսերը կշատանան… Այստեղ հնարավոր է քիչ ծախսերով առավելագույն եկամուտ ստանալ»:

Պետրոսյանը մատնանշեց նաեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը, որտեղ ընդգրկված է նաեւ Թռչկանի ջրվեժը:

Բնապահպանները պատրաստվում են դատական ճանապարհով հասնել ՀԷԿ-ի կառուցման կասեցմանը, քանի որ հայտնաբերել են մի շարք հակասություններ ու խախտումներ:

«Այստեղ շատ լուրջ թերություններ կան նաեւ հանրային լսումների մասով», - ասաց Գեւորգ Պետրոսյանը` պնդելով, որ այդ պարագայում նախագիծը չի կարող օրինական լինել. - «Մենք պատրաստվում ենք դա վիճարկել դատական կարգով»:

Նշենք, որ երեկվանից «Պահպանեք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հաղորդագրությունների գրոհ է սկսել վարչապետ Տիգրան Սարգսյանի էջին` 2500-ից ավելի հղում է ուղարկվել, որոնք առայժմ որեւէ արձագանքի չեն արժանացել:
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG