Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյան․ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ անելը»


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում երեկ ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ՝ Եվրո - 2012-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի Իռլանդիա - Հայաստան հանդիպման վերաբերյալ։

«Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ, որոնք արժանի էին հաղթանակի, բայց ֆուտբոլը ունի իր դաժան օրենքները։ Եկեք չհուսախաբվենք եւ աջակցենք մեր սիրելի թիմին եւ մեր հրաշալի տղաներին՝ նրանք արժանի են ամենաբարձր մեծարմանը։ Ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ անելը», - գրել է Ռուբեն Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ խաղի 26-րդ րոպեին իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Մրցավարի նման որոշման հետեւանքով Հայաստանի հավաքականը ստիպված եղավ այդ անչափ վճռական հանդիպումն անցկացնել առանց փորձառու դարպասապահի, 10 ֆուտբոլիստով։ Բացի այդ, եթե այդ որոշումն ուժի մեջ մնա, Բերեզովսկին ստիպված կլինի բաց թողնել հավաքականի առաջիկա երկու խաղերը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե մրցավարի կողմնապահությունը միտումնավոր է եղել, իսկ հանդիպման ելքն էլ նախապես որոշված, Ռուբեն Հայրապետյանը գրում է․ - «Սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել։ Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարի»։

Հիշեցնենք, միջազգային մամուլում եւս հնչեց այն տեսակետը, որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն պարտքը վերադարձրեցին իռլանդացիներին, քանի որ երկու տարի առաջ Իռլանդիայի հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների շարքից՝ մրցավարի անարդարացի որոշման հետեւանքով։

Facebook ցանցի իր էջում Ռուբեն Հայրապետյանը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայ ֆուտբոլասերներին, ովքեր, ֆեդերացիայի նախագահի ձեւակերպմամբ, նույնիսկ անհաջողության դեպքում կանգնում են իրենց երկրի հավաքականի կողքին։ Հայրապետյանը խոստանում է տարեվերջին հավաքականի ֆուտբոլիստների մեծարման արարողություն կազմակերպել «շատ բարձր մակարդակով»։

Երեկվանից սոցիալական տարբեր ցանցերում ու ֆորումներում բողոքի մեծ ալիք են բարձրացրել հայ ֆուտբոլասերները, ստեղծվել են մի քանի նախաձեռնություններ՝ սկսած մրցավարին պատժելու կոչերից մինչեւ հանդիպման վերախաղրկման պահանջներ, վիրտուալ աջակցություն Ռոման Բերզեվոսկուն, ինքնագոլի հեղինակ Վալերի Ալեքսանյանին եւ այլն: Պատրաստվել է նաեւ անգլերեն նամակ, հասցեագրված ՈՒԵԱՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, որում մասնավորապես ասված է. - «Որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստ եւ հասարակական գործիչ մենք ակնկալում ենք Ձեր միջամտությունը: ՈւԵՖԱ-ն պետք է պատժի մրցավար Գոնսալեսին եւ զրկի նրան հնարավորությունից` շարունակելու հետագա գործունեությունը»: Խմբերից մեկի ակտիվիստները նույնիսկ գտել են մրցավար Գոնսալեսի հեռախոսահամարը եւ առաջարկում են խմբի անդամներին հերթով զանգահարել նրան եւ հայտնել իրենց բողոքը:

Այսօր ժամեր առաջ Լեհաստանում տեղի ունեցավ Եվրո - 2012-ի անցումային խաղերի վիճակահանությունը, որի արդյունքներով` Իռլանդիայի մրցակիցը կլինի Էստոնիայի հավաքականը, որին մասնագետները համեմատում են Հայաստանի հավաքականի հետ` անակնկալ հաջողությունների հասնելու իմաստով:
please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG