Մատչելիության հղումներ

Պուտինը տարակուսած է Տիմոշենկոյի դատավճռի կապակցությամբ


Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի եւ Յուլիա Տիմոշենկոյի հանդիպումը Մոսկվայում, 2-ը հոկտեմբերի, 2008թ.
Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետներ Վլադիմիր Պուտինի եւ Յուլիա Տիմոշենկոյի հանդիպումը Մոսկվայում, 2-ը հոկտեմբերի, 2008թ.
Կիեւում երեքշաբթի օրը հնչած դատավճիռը այն եզակի դեպքերից է, երբ պաշտոնական Ռուսաստանն ու Արեւմուտքը միակարծիք են, եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճռի դեմ կոշտ հայտարարությունները հնչում են թե՛ Բրյուսելից, թե՛ Մոսկվայից։

Կրեմլ վերադարձող Վլադիմիր Պուտինը Տիմոշենկոյի հարցում միակարծիք է արեւմտյան երկրների քաղաքական լիդերների հետ, թեեւ ինչպես մեկնաբաններն են գրում՝ Ռուսաստանի վարչապետին, անշուշտ, ավելի շատ հետաքրքրում է ռուս - ուկրաինական գազային պայմանագրի ճակատագիրը։

Երեքշաբթի օրը Պեկինում Պուտինը հայտարարել է, որ Տիմոշենկոյի դեմ դատավճիռը իր մոտ տարակուսանք է առաջացնում։

«Ես լավ տեղեկացված չեմ, թե ինչ է գրված այդ դատավճռում, սակայն եթե դատելու լինեմ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունից՝ նրան դատել են Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը ստորագրելու համար։ Մինչդեռ Տիմոշենկոն ոչինչ չի ստորագրել. այդ պայմանագիրը ստորագրել են «Գազպրոմ»-ը եւ «Նաֆտոգազ»-ը, - ասել է Ռուսաստանի վարչապետը։

Պուտինը հավելել է, որ իր համար Տիմոշենկոն ո՛չ բարեկամ է, ո՛չ էլ ընկեր, ավելին՝ Տիմոշենկոն միշտ էլ արեւմտամետ հայացքներ է ունեցել։ «Իսկ ես միշտ էլ համոզված եմ եղել, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան միայն կշահեն, եթե ջանքերը միավորեն հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին մասնակցելու հարցում», - ասել է Ռուսաստանի վարչապետը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը ավելի վաղ մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Տիմոշենկոյի գործով դատավճիռը հստակ հակառուսական ենթատեքստ ունի, Տիմոշենկոյին, ըստ էության, դատել են մի պայմանագրի համար, որը գործող պայմանագիր է եւ իրավաբանական ուժ ունի թե՛ Ռուսաստանում, թե՛ Ուկրաինայում։

Երկուշաբթի օրը Կիեւի Պեչորսկի դատարանը Յուլիա Տիմոշենկոյին դատապարտեց 7 տարվա անազատության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG