Մատչելիության հղումներ

Վրաց նորաթուխ ընդդիմադիրը այլեւս Վրաստանի քաղաքացի չէ


Բիձինա Իվանիշվիլի, հոկտեմբեր, 2011թ.
Բիձինա Իվանիշվիլի, հոկտեմբեր, 2011թ.
Վրաց միլիարդատեր եւ նորաթուխ ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին այլեւս Վրաստանի քաղաքացի չէ:

Վրաստանի ամենահարուստ գործարարը, որն ընդամենը 10 օր առաջ էր հայտարարել, թե պատրաստվում է սեփական կուսակցությունը հիմնել եւ պայքարել առաջիկա խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար, երեքշաբթի երեկոյան զրկվեց վրացական անձնագրից: Պատճառը այլ երկրի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալն էր:

«2004 թվականին, երբ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել, միաժամանակ նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է դարձել: Վրաստանի օրենսդրության համաձայն՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում վրացական անձնագիրը ավտոմատ կերպով անվավեր է ճանաչվում», - «Ռուսթավի - 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Թե ինչու իշխանությունները 7 տարի չէին հիշում Իվանիշվիլիի երկրորդ անձնագրի մասին՝ վրաց պաշտոնյաները չեն բացատրում: Անկախ վերլուծաբանների կարծիքով, սակայն, ակնհայտ է, որ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ նրա շրջապատը խիստ անհանգստացած են մոտ 6 միլիարդ դոլար կարողության տեր Իվանիշվիլիի քաղաքական հավակնություններից: Իշխանություններին նաեւ մտահոգում են Իվանիշվիլիի սերտ կապերը Վրաց ուղղափառ եկեղեցու եւ թբիլիսցի մի շարք հեղինակավոր մտավորականների հետ:

Ընդամենը մի քանի օր առաջ էլ Իվանիշվիլին հատուկ հայտարարություն էր տարածել` խստորեն քննադատելով Սահակաշվիլիի կառավարման ոճն ու նշելով, թե «կառավարման 7 տարիների ընթացքում Սահակաշվիլին բազմաթիվ սխալներ է թույլ տվել»:

Այն, որ Իվանիշվիլիին վրացական քաղաքացիություն զրկելը քաղաքական ենթատեքստ ունի, անուղղակիորեն հաստատում է նաեւ Սահակաշվիլիի կողմնակիցների հնչեցրած մեկնաբանությունների ընդհանուր տոնայնությունը:

Պատգամավոր Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է. - «Ռուսաստանում պետք է հասկանան, որ վրացական քաղաքականությունն ու լրատվամիջոցները չեն վաճառվում: Պուտինից պարտք վերցված փողով հնարավոր չէ Վրաստանում քաղաքականությամբ զբաղվել»:

Մեկ այլ իշխանամետ պատգամավոր էլ` Լաշա Թորդիան, մեկնաբանելով Վրաստանի ամենահարուստ բնակչին քաղաքացիություն զրկելու փաստը, նշել է. - «Համոզված եղեք, որ ռուսական փողերը երբեք չեն ներթափանցի վրացական քաղաքականություն: Ռուսաստանը բազմիցս է փորձել այս կամ այն օլիգարխի միջոցով կառավարել Վրաստանում ընթացող պրոցեսները, բայց միշտ անհաջողության է մատնվել: Ռուսաստանն իր այս փորձերի համար սխալ երկիր եւ սխալ հասարակություն է ընտրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG