Մատչելիության հղումներ

Տնտեսագետ. «Տնտեսությունը շարունակում է մնալ նույն խոցելի վիճակում»


Տնտեսագետ Սամվել Ավագյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը, ըստ էության, շարունակում է մնալ այն խոցելի վիճակում, որն առկա էր 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի նախօրեին, չնայած անցած երկու տարիներին Հայաստանի կառավարության ձեռնարկած` տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին:

Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը Ջերմուկում` Գյուղական համայնքների առաջին համաժողովի շրջանակում, հեռակա բանավեճ է ընթացել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափիի միջեւ:

Վերջինս, ըստ լրատվամիջոցների, մասնավորապես, նշել է, թե հայաստանյան տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրոգոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջեւ` փաստորեն, ակնարկելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին:

Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է, թե պետք չէ խտացնել իրավիճակը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր կրկնության վերաբերյալ տեղեկություններով: «Դեռ շուտ է խոսել այն մասին, որ եվրոպական շուկաներում առաջացած դժվարությունները վերածվել են ճգնաժամի երկրորդ փուլի: Իհարկե, կան դժվարություններ, սակայն մենք սովոր ենք աշխատել ճգնաժամի պայմաններում եւ պատրաստ են դիմակայել մարտահրավերներին», - ըստ News.am-ի հայտարարել է նախագահը:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թվարկում է տնտեսության խոցելիության պատճառները:

«Մեր արտահանման կառուցվածքում շարունակում է մեծ տեսակարար կշիռ ունենալ հանքաքարը եւ խտանյութը, մեր արտահանման 50 տոկոսը հանքարդյունաբերությունն է: Այդ պատճառով պղնձի, մոլիբդենի, ցինկի ոսկու գների ցանկացած տատանում մեր տնտեսության վրա շատ լուրջ հետեւանքներ է ունենում , - ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով` ներկայումս միջազգային շուկայում պղնձի գները մոտ 20 տոկոսով ավելի ցածր են, քան այս օգոստսին էր, կա նաեւ մոլիբդենի գների որոշակի անկում, եւ սա առաջիկայում իրեն զգացնել է տալու: Ավագյանն ասում է` եթե աշխարհի առաջատար ֆոնդային բորսաներում տեղի ունեցող վայրիվերումները հանգեցնեն զարգացած երկրների տնտեսությունների անկմանը` ռեցեսիային, ապա հումքի գները կշարունակեն անկում ապրել, կկրճատվեն նաեւ Ռուսաստանից եկող տրասնֆերտները, քանի որ Մոսկվայի արտահանման մեջ նույնպես լուրջ տեղ է զբաղեցնում հումքը` նավթը:

Ըստ Ավագյանի, ի վերջո, այդ ամենն ուղղակի կխփի Հայաստանի տնտեսությանը, ինչպես 2009 թվականին: Հիշեցնենք` այդ տարի հանրապետության տնտեսությունում գրանցվեց 14.4 տոկոսանոց անկում:

«Զգացնել է տալու նրանով, որ ասենք Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային եկամուտներն են պակասելու եւ այն սկսելու հարկեր քիչ վճարել: Եթե պղնձի եւ մոլիբդենի գների անկումը շարունակվի, ինչն անխուսափելիորեն տեղի կունենա ռեցեսիայի դեպքում, մենք կունենանք արտահանման ծավալների կտրուկ անկում եւ դրանից բխող բոլոր հետեւանքները», - ասաց Ավագյանը:

Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե, հաշվի առնելով նախորդ ճգնաժամից առաջացած փորձը, ներկայումս կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում տնտեսության դիվերսիֆիկացման հարցը: Այդ առումով Բաղդասարյանը առանձնացրեց կառավարության պատվերով կազմված «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն» նախագիծը, որը պետք է դառնա մի ամբողջ ռազմավարություն եւ ըստ որի մինչեւ 2020 թվականը պետք է աջակցություն ցուցաբերվի արտահանման ուղղված արդյունաբերական ճյուղերին:

«Մենք վերլուծեցինք, թե նախորդ ճգնաժամը ինչ խողովակներով մտավ մեր տնտեսություն, եւ կառավարությունը դրանք թիրախավորեց` այդ ուղղություններով առավել զարգացումներ ապահովելու եւ ամրապնդելու նպատակով», - ասաց Բաղդասարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG