Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի ծնողներն այլեւս չեն վստահում եվրոպական կառույցներին


Մարտի 1-ի զոհերի ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ԵԽ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ, 15 սեպտեմբեր, 2011
Մարտի 1-ի զոհերի ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ԵԽ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ, 15 սեպտեմբեր, 2011
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունների գործով նախատեսված զեկույցի հրապարակումից հետո նախաքննությունը պետք է շարունակվի:

«Կարծում եմ` դրանք միմյանց հետ փոխկապակցված երեւույթներ չեն: Զեկույցը հրապարակվել է, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախաքննական մարմինը, որն է` այն խնդիրները, որոնց բախվել է նախաքննական մարմինը` հաշվի առնելով, որ անցել է տեւական ժամանակ եւ էական առաջընթաց չկա: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք քննությունը պետք է դադարի դրանից հետո, թե ոչ` իհարկե, ոչ», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել էր բանաձեւ, ըստ որի, անհրաժեշտ է, որ նախաքննական մարմինը վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույց հրապարակի մինչեւ 2011 թվականի վերջը: Փաստահավաք խմբի նախկին անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ի՞նչ զեկույց պիտի հրապարակի նախաքննական մարմինը: Ըստ փաստաբանի` դա նախաքննական մարմնի գործը չէ, օրենքով նրան նման լիազորություն վերապահված չէ: Սաֆարյանն ասաց` նախաքննական մարմինը զեկույց գրելու փոխարեն պիտի մեղադրական եզրակացություն ուղարկի դատարան:

Փաստաբանի խոսքով` մարտի 1-ի կապակցությամբ մեղադրվող ընդդիմադիրների գործերով Հատուկ քննչական ծառայությունը շատ հաճախ փաստաբաններին էր մեղադրում քաղաքականացված լինելու մեջ: Փաստաբանը հարցադրում է հնցեչնում, թե ի՞նչ զեկույց պիտի ներկայացնի Հատուկ քննչական ծառայությունը` խուսափելով քաղաքական մոտիվացիայից:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե նախաքննական մարմնի զեկույցի հրապարակման գաղափարը ձեւականություն ապահովելու նպատակ է հետապնդում: Նրա խոսքով` եթե իշխանությունը թույլ տար, նախաքննական մարմինը վաղուց բացահայտած կլիներ մարտի 1-ի սպանությունները եւ որեւէ մեկի մտքով չէր անցնի զեկույց հրապարակել` հատկապես այն դեպքում, երբ մոտ վեց ամիս է անցել մարտի 1-ի բացահայտմանը նոր թափ հաղորդելու կապակցությամբ Սերժ Սարգսյանի ցուցումից:

«Սերժ Սարգսյանը ձեւական նոր թափ հաղորդեց, հետո էլ ասաց` հանկարծ չբացահայտե'ք: Իրենք են սպանել մեր երեխաներին, իրենք իրենց չեն դատելու», - ասաց Քլոյանը:

Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը հայտարարեց, թե ԵԽԽՎ-ի բանաձեւից հետո վերջնականապես են հուսախաբվել:

«Ես հույսեր փայփայում էի, որ գոնե խղճիս հանգստության համար ինչ-որ բան կբացահայտվի, եւ կդատվեն իմ երեխայի անմեղ արյունը թափողները: Բանից դուրս է գալիս, որ ամեն ինչ սուտ է, խաբում են մեզ, մենք հանդիպել են [ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս] Համարբերգի հետ, [ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն]Պրեսկոտի հետ, նրանք մեզ մեծ խոստումներ են տվել, որ կբացահայտեն... Բանից դուրս է գալիս, որ սուտ է, իրենք էլ են մեզ խաբում: Նրանք համագործակցում են մեր իշխանության հետ, էս թատրոնը, ամեն ինչ էլ ձեւական բնույթ է կրում: Այնպես որ, ես արդեն լիարժեքորեն հուսախաբված եմ, չեմ հավատում, չեմ վստահում ո'չ իշխանությանը, ո'չ էլ Եվրախորհրդին», - ասաց Ազատուհի Քլոյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը օրերս անդրադառնալով ԵԽԽՎ-ի բանաձեւին, հայտարարել էր, թե դրա տակ մի կեղտոտ գործարք կա, որովհետեւ «սպանությունների հարցում, արյան հարցերում նման խուճուճ հնարավորություններ ընձեռելը այս իշխանություններին` խուսափել մարտի 1-ի սպանությունների բացահայտումից, միմիայն կարող է լինել գործարքի արդյունք, ուրիշ ոչ մի բան»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր ասաց, թե ՀԱԿ-ի այդ հայտարարությանը վերաբերում է քաղաքական պայքարի ենթատեքստում:

Պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ` Վեհաժողովում ընդունված փաստաթուղթը վկայում է ընդդիմության փաստացի գործունեության արդյունքների մասին:

«Եթե խոսում ենք գործարքի մասին, ապա մենք առաջին հերթին պետք է ասենք` իսկ մենք ի՞նչ էինք անում, որ այսպիսի փաստաթուղթ չընդունվեր», - ասաց Փոստանջյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG