Մատչելիության հղումներ

«Արարատ-73»-ի անդամները բարձր են գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը


«Արարատ-73»-ի անդամներ Արկադի Անդրեասյան (աջ) եւ Սերգեյ Պողոսյան
«Արարատ-73»-ի անդամներ Արկադի Անդրեասյան (աջ) եւ Սերգեյ Պողոսյան
Խորհրդային շրջանի հայտնի ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի լեգենդար կազմի անդամ, «Արարատ» ակումբի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը, թեեւ կարծում է, որ Իռլանդիայի հետ խաղը բարդ է լինելու, քանի որ նրանց ոչ ոքի արդյունք է պետք, սակայն նաեւ ընդգծում է, որ Հայաստանի հավաքականը վերելք է ապրել:

«Իռլանդիայի հավաքականն ունի հմուտ մարզիչ` Տրապատոնին, իսկ վերջին 6-7 խաղերի ընթացքում նրանց հավաքականը ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպաս: Սակայն վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ մեր հավաքականը այժմ վերելք է ապրում, եւ եթե մարզական բախտն էլ ժպտա, ապա մենք պետք է հաղթենք», - Հայաստանի եւ Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականների երեկոյան կայանալիք հանդիպմանն ընդառաջ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի մեկնաբանությամբ հանդես եկավ Անդրեասյանը:

Համաձայնելով, որ ոչ թույլ իռլանդացիների հետ խաղը հեշտ չի լինելու, «Արարատ-73»-ի մեկ այլ անդամ, Սերգեյ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի հավաքականը նրանց չի զիջում:

«Մեր հավաքականը այսօր իսկապես ցույց է տալիս ժամանակակից ֆուտբոլ, տեսնում ենք մոբիլ եւ կոլեկտիվ խաղ, բոլոր օղակների համագործակցություն եւ այս ամենը հույս է ներշնչում, որ անպայման պետք է հաղթանակ ունենանք: Մենք պարզապես այլ ճար չունենք», - ասաց Սերգեյ Պողոսյանը:

Անդրեասյանը համաձայնեց ներկաներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի հավաքականի թույլ կողմերից մեկը եղել եւ մնում է պաշտպանությունը: Ըստ նրա` պաշտպանությունում պակասում են այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստները, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:

«Այդ բացը լրացնելու դեպքում թիմը առավել կհզորանա», - ասաց Անդրեասյանը:

Սերգեյ Պողոսյանն ամենից շատ կարեւորում է կոլեկտիվ խաղը:

«Մեր ժամանակ ասում էին, եթե անգամ 11 Պելեի հրավիրենք, թիմը կարող է չխաղալ, եթե չլինի կոլեկտիվ խաղ», - հիշեցնում է «Արարատ-73»-ի անդամը:

Անդրեասյանն ու Պողոսյանը խուսափեցին այսօրվա խաղի հաշվի սեփական կանխատեսումները ներկայացնելուց, մինչդեռ նման կանխատեսումների պակաս չզգացվեց Հայաստանի հավաքականի հետ երկրպագուների հետ զրույցների ընթացքում, որոնց մեծը մասը հավատում է, որ Հայաստանը խոշոր հաշվով կհաղթի Իռլանդիային:

Այսօր երեւանյան բազմաթիվ սրճարաններ, որոնցում ցուցադրվելու է Իռլանդիա-Հայաստան հանդիպումը, սպասում են ֆուտբոլասերներին:

«Ընդհանրապես տեղ չի լինում նստելու: Ֆաները հավաքվում են ու շատ ջերմ, առանց մի րոպե անգամ դադարելու` իրար ոգեւորելով, փորձում են օգնել մեր հավաքականին, թեկուզ էկրանի այս կողմում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց այդ սրճարաններից մեկի մենեջերը:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 9 խմբերի հաղթողները, ինչպես նաեւ խմբերում երկրորդ տեղերը գրաված թիմերից մեկը, որը կարձանագրի լավագույն արդյունքը իր խմբի մրցակիցների նկատմամբ, անմիջապես ստանում են հաջորդ տարի Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր։ Հայաստանի հավաքականը B խմբում երկրորդ տեղը գրավելու համար պարտավոր է հաղթել Դուբլինում։

please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG