Մատչելիության հղումներ

«Թուրքական կառավարությունը տրամադրված չէ ընթացք տալ ստորագրված արձանագրություններին»


«Թուրքական կառավարությունը տրամադրված չէ ընթացք տալ ստորագրված արձանագրություններին», - հայ-թուրքական՝ տարիներով սառեցված հարաբերությունների կարգավորման առաջին շոշափելի փորձից երկու տարի անց այսպիսին են Թուրքիայում աշխատող հայազգի լրագրողների գնահատականները։

«Ավելի առաջ գնալու համար առարկայական հիմքեր չկան, բայց նաեւ կողմերը չեն ցանկանում արձանագրություններով ապահովվածը ինչ-որ ձեւով մսխել», - ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Հարցին, թե այդ դեպքում թուրքական կառավարություն ինչո՞ւ որոշեց այդ արձանագրությունները վերադարձնել նոր ձեւավորված խորհրդարանի օրակարգ։ Արա Գոչունյանի գնահատմամբ՝ «մեծ բան չի նշանակում նոր խորհրդարանին փոխանցվելու երեւույթը»։

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով, Թուրքիան ոչ թե ցանկանում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ սահմանը բացել, այլ որոշակի հաշվարկներ ուներ՝ յուրաքանչյուր պահի Ադրբեջանի դեմ հարմար խաղաքարտ ունենալու նպատակով։

«Թուրքիան այսօր էլ շատ ծածուկ կերպով խնդիրներ ունի Ադրբեջանի հետ։ Այդ խնդիրը կծագի այդ երկրի՝ Իսրայելի հետ ունեցած սերտ հարաբերություններից։ Իրենց մեջ մեծ առեւտրական շուկա կա, զենքի համաձայնություններ կան», - նշեց Էստուկյանը։

Բագրատ Էստուկյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի մարող հետաքրքրությունը եւս մի փաստարկ է, որ Թուրքիան միջազգային հանրությանը հաճոյանալու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու խնդիր չունի։

Արա Գոչունյանն ասում է՝ այս պահին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ, սակայն, նա, ի տարբերություն Բագրատ Էստուկյանի, մի փոքր ավելի լավատես է՝ գտնում է, որ իրադարձությունները միջազգային թատերաբեմում կարող են այնպես զարգանալ, որ հարցը կրկին արդիական դառնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG