Մատչելիության հղումներ

Զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող դրույթների հարցով օմբուդսմենը կդիմի ՍԴ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմել Սահմանադրական դատարան:

«2009 թվականի մարտին առաջարկեցի օրենսդրական փոփոխության մի գաղափար, որի էությունն էր ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Իրականում, իմ առաջարկը գրեթե բառացի կրկնությունն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականին ընդունված 1577 բանաձեւի: Իմ առաջարկից մեկ տարի չորս ամիս անց մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ ընդունվեց օրենք, որն էականորեն (միգուցե դրականորեն) տարբերվում էր իմ նախագծից», - նշում է օմբուդսմենը լրագրողներին հղած ուղերձում։

«Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ, այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին եւ ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թեւերին ու պետությանը», - գրում է օմբուդսմենը` ամփոփելով. - «Հաշվի առնելով, որ իմ համոզմունքներն ու մոտեցումները կարող են ընկալվել որպես օրենսդրական փոփոխության գաղափարն առաջարկողի կանխակալություն, ինչպես նաեւ հասկանալով այն պնդումը, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով՝ որոշել եմ մեր այս մտահոգությունները փոխանցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի քննությանը»։

Հայաստանյան լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունները, քանի որ դրանց ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ ներկայացված համապատասխան հայցերը գրեթե բոլոր դեպքերում լրիվ կամ մասնակիորեն բավարարվել են, եւ թերթերը ենթարկվել են խոշոր տուգանքների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG