Մատչելիության հղումներ

Սողանքի հետեւանքով անհետ կորածների մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա


Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, այսօր որոնողափրկարարական աշխատանքները սողանքային գոտում ավելի ինտենսիվ են դարձել, սակայն հինգ անհետ կորած մարդկանց մասին դեռեւս ոչ մի տեղեկություն չկա:

Հոկտեմբերի 8-ի դրությամբ սողանքի գոտուց դուրս է բերվել 23 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ այս պահին սողանքային գոտում աշխատում է 200 հրշեջ-­փրկարար:

Համաձայն նախարարության հաղորդագրության, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն առավոտյան խորհրդակցության ժամանակ փրկարարների առջեւ խնդիր է դրել ցուցաբերել առավելագույն զգոնություն, զգուշություն եւ աչալրջություն:

­«Սկսվում է աշխատանքների ամենաբարդ եւ վտանգավոր փուլը: Ծանր տեխնիկայի ինտեսիվ ներգրավման հետ շեշտակի մեծանում է նոր սահքի եւ հողաշերտի վտանգավոր տեղաշարժի հնարավորությունը», - ասել է նախարարը հրշեջներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG