Մատչելիության հղումներ

Հայաստան - Մակեդոնիա` 4:1


Հայաստան – Մակեդոնիա` 4:1
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության B խմբի ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երեւանում 4:1 հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի թիմի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեց Մարկոս Պիզելին հանդիպման 28-րդ րոպեին, 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռվից գեղեցիկ հարվածով կրկնապատկեց, իսկ 69-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը եռապատկեց այն, 86-րդ րոպեին Վանս Սիկովը մեկ գնդակ ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը, եւ խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո մրցավարի ավելացրած 4 րոպեներից հենց առաջինում Արթուր Սարկիսովը խփեց հանդիպման վերջին գնդակը։

Խաղը անցավ հայաստանցի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ, որոնք, բացի խփած 4 գնդակներից, եւս մի քանի գոլային պահեր ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ։ Թեեւ գոլ չխփեց, սակայն գերազանց խաղով հանդես եկավ Յուրա Մովսիսյանը։

Խաղի 53-րդ րոպեին մրցավարը կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտը ցույց տվեց եւ դաշտից հեռացրեց Մակեդոնիայի հավաքականի ավագ Վելիս Շումուլիկոսկիին։

Հանդիպմանը տրիբունայից հետեւում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերակցությամբ։

Ընտրական մրցաշարի 9-րդ փուլից հետո Հայաստանը 17 միավորով B խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ Աղյուսակը 20 միավորով գլխավորում է Ռուսաստանը, 18 միավորով երկրորդ տեղում է Իռլանդիան, չորրորդում Սլովակիան է՝ 14 միավորով, Մակեդոնիան 7 միավորով հինգերորդն է, եւ աղյուսակը եզրափակում է Անդորրան, որը ոչ մի միավոր չունի։

Հայաստանը շարունակում է մնալ B խմբում ամենաշատ գոլերը խփած թիմը՝ 21: 7-ական գնդակ հայաստանցի ֆուտբոլիստները խփել են Անդորրային եւ Սլովակիային` երկուական խաղերի ընթացքում, 6 գնդակ՝ Մակեդոնիային եւ 1 գնդակ՝ Ռուսաստանին։

Հոկտեմբերի 11-ին Հայաստանը ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալվելով Իռլանդիային։

Ընտրական մրցաշարի վերջին փուլից առաջ հայաստանցի ֆուտբոլիստները պահպանում են Եվրո - 2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը։ Աղյուսակում առաջին տեղը, ամենայն հավանականությամբ, կգրավի Ռուսաստանը, որի վերջին հանդիպումը Անդորրայի հետ է՝ սեփական հարկի տակ, իսկ Հայաստանը երկրորդ տեղը գրավելու եւ անցումային խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար անպայման պետք է հաղթի Իռլանդիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG