Մատչելիության հղումներ

Ազնավուր. «Եթե թուրքերը չեն ուզում ընդունել ցեղասպանությունը, թող ընդունեն հայերի կոտորածները»


Ժնեւ, Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ
Ժնեւ, Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ
Ֆրանսահայ մեծանուն շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Les Nouvelles d’Armenie պարբերականին։

Հարցազրույցում Ազնավուրը խորտակել է մի քանի տաբուներ, ամենից առաջ` ցեղասպանություն բառի տաբուն, որի օգտագործումը այնքան կարեւորում են Հայ դատի պաշտպան կազմակերպությունները։

Երգիչը, նկատի ունենալով Հայաստանի շահերը եւ Թուրքիայի խիստ ընդդիմությունը այդ բառի օգտագործման հարցում, վերոհիշյալ հարցազրույցում նշել է, թե պետք է մի այլ բառ գտնել ցեղասպանության մասին խոսելիս։

Այս մասին Ազնավուրը արտահայտվել էր դեռ սեպտեմբերի 4-ին France-2 հեռուստաալիքի` իրեն նվիրած հաղորդման ընթացքում, գիտակցելով հանդերձ, որ որոշ հայեր կարող են թշնամանալ իր հետ այդ առիթով։

«Ցեղասպանություն բառը խանգարում է, եւ պետք է ասեմ, որ ինձ էլ է խանգարում։ Եթե թուրքերը ազնվություն ունենան ասելու, թե իրենց խանգարողը ցեղասպանություն բառն է, ապա մենք մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն», - ասել էր նա։

Les Nouvelles d’Armenie պարբերականին նա բացատրել է իր միտքը` ասելով. - «Շարունակելով այսպես` մենք երբեք մեր նպատակին չենք հասնի։ Մեր հակառակորդները իրենց փրկության համար սպասում են մի բանի միայն` որ նրանք, ովքեր դեռ ունեն այդ դեպքերի հիշողությունը, մահանան։ Ո՞ր երկիրն է, որ պաշտպանել է մեզ։ Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ ճանաչել է, բայց նա չի գնա ավելի հեռու, եւ ոչ մի երկիր չի պաշտպանի մեզ»։

Ապա Ազնավուրը հարց է տվել. - «Ի՞նչ բառ էր օգտագործվում ցեղասպանություն բառի հորինումից առաջ` հայերի կոտորածնե՞ր, օգտագործենք կոտորածներ բառը ուրեմն։ Եթե թուրքերը չեն ուզում ընդունել ցեղասպանությունը, ապա թող ընդունեն գոնե հայերի կոտորածները։ Արդեն մեծ քայլ արած կլինենք, եթե կարողանանք դրան հասնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG