Մատչելիության հղումներ

Բրիտանացի պատգամավորը` ադրբեջանական լոբբիի սպասավոր


Բրիտանացի պատգամավոր Մարք Ֆիլդ
Բրիտանացի պատգամավոր Մարք Ֆիլդ

Լոնդոնից եւ Վեսթմինսթերից Մեծ Բրիտանիայի խորհրդարան ընտրված պահպանողական պատգամավոր, հետախուզության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Մարք Ֆիլդը դարձել է «Ադրբեջանի եվրոպական ընկերակցություն» կազմակերպության խորհրդատվական մարմնի անդամ։

Ըստ Guardian պարբերականի, նա ադրբեջանցիներից տարեկան ստանում է 6 հազար ֆունտ ստերլինգ (9180 ամերիկյան դոլար)։

Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը եւ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս քննադատել են Ադրբեջանին քաղաքական բարեփոխումների համար պայքարող ցուցարարների հանդեպ բռնություններ գործադրելու համար։

Լեյբորիստ պատգամավորները Ֆիլդին հարց են ուղղել, թե արդյո՞ք նպատակահարմար է, որ անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող օրենսդիրը համագործակցի օտար երկրի համար լոբբիստական գործունեություն իրականացնող կառույցի հետ։

46-ամյա Ֆիլդը խորհրդարանի հետախուզության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի ամենաերիտասարդ անդամն է։

Հանձնաժողովի կարեւորությունն ընդգծելու համար Guardian-ը հաղորդում է, որ դրա կազմած փաստաթղթերի եւ վերլուծությունների հասցեատերը Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետի գրասենյակն է։

Կոմիտեի բոլոր 9 անդամներին անձամբ վարչապետն է նշանակում, եւ նրանք վարչապետին են զեկուցում։

Խորհրդարանի եւ ոչ մի ուրիշ հանձնաժողով չունի այնքան լիազորություններ, որքան շնորհված են հետախուզության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովին։

Այս տարվա մայիսին Ֆիլդը 5 օրով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ուղեւորության արժեքը 3 հազար 500 ֆունտ ստերլինգ է կազմել։

2010 թվականին նա Բաքվում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին։

Այս տարվա մարտին արքայազն Էնդրյուն Բուքինքհեմյան պալատում ընդունել է Ֆիլդին եւ խնդրել է նրան խորհրդարանում եւ կառավարությունում աջակցել Ադրբեջանում բրիտանական ներդրումային ծրագրերին։

«Ադրբեջանի եվրոպական ընկերակցությունը» ստեղծվել է 2008 թվականին եւ կոչված է Հին աշխարհամասում առաջ տանել Ադրբեջանի շահերը։

Մարք Ֆիլդը հավաստիացնում է, որ իր լոբբիստական գործունեությունը չի կարող վնաս հասցնել Մեծ Բրիտանիային։

«Ես ստորագրել եմ գաղտնի փաստաթղթերի պահպանման մասին պարտավորագիրը եւ, բնականաբար, չեմ կարող որեւէ կարեւոր տեղեկություն փոխանցել Ադրբեջանին», - ասել է Ֆիլդը։

Մինչդեռ, լեյբորիստ պատգամավոր Ջոն Մանն ասել է. - «Այս ամենը վկայում է, թե որքան վտանգավոր է, երբ պատգամավորը երկրորդ աշխատանքն է կատարում։ Սա միանշանակ շահերի բախում է առաջացնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG