Մատչելիության հղումներ

Շարմազանովը ՀԱԿ-ին` «Միտինգն ավարտեք, եկեք երկխոսենք»


Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխանական կոալիցիան չի պատրաստվում դիմել Հայ ազգային կոնգրեսին երկխոսությունը վերսկսելու համար: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեցին ե'ւ իշխող Հանրապետականի, ե'ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը պետք է որոշի` կամ միտինգ է անում, կամ իշխանության հետ երկխոսում է: Չի կարելի մի կողմից երկխոսել, մյուս կողմից պերմանենտ միտինգներ անցկացնել», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չորեքշաբթի օրը ասաց նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ «պրեսինգով երկխոսության չեն գնում»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորումից հետո երկխոսությունն առկախեց, հետո կրկին դիմեց իշխանությանը` այն վերսկսելու համար: Իշխանությունները, սակայն, պատասխանեցին, թե այդ հարցը կքննարկեն, երբ Կոնգրեսը «դադարեցնի անօրինական հանրահավաքները»:

«Նախ` իշխանությունը պայման չի դրել. իշխանությունն ասում է` սիրելի ընդդիմություն, հարգելիներս, դուք շուրջօրյա միտինգ եք անում, ասում եք` երկխոսություն: Մենք պատրաստ ենք երկխոսելու, միտինգն ավարտեք, եկեք երկխոսենք: Միաժամանակ երկու գործողություն չեն անում, միաժամանակ երկու ձմերուկ թեւերի տակ մի բռնի, թե չէ երկուսն էլ ձեռքիցդ կընկնի: Որոշի` միտինգ ես անում, թե՞ երկխոսում ես», - ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը, որ ընդդիմությունը «այլեւս անիմաստ է համարում իշխանությունների հետ որեւէ երկխոսություն», ապա Հանրապետականի խոսնակն ասաց, որ եթե Կոնգրեսը չի ցանկանում շարունակել երկխոսությունը, իրենք ոչնչով օգնել չեն կարող: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե ընդհատված երկխոսության վերսկսումը հնարավոր է, եթե իշխանությունը նման խնդրանքով դիմի ՀԱԿ-ին, ապա Շարմազանովն ասաց, որ ՀԱԿ-ը «իրականությունից շատ է կտրվել»:

«Ի՞նչ է նշանակում խնդրել: Իրենք մի քիչ իրականությունից շատ են կտրված եւ առաջին նախագահի մոտ այդ խնդրելու ֆենոմենը կամ կոմպլեքսը դրված է: Էն ժամանակ ասում էր` ժողովուրդը կխնդրի, կգամ, հիմա իշխանությունը խնդրի, վաղը չգիտեմ ով է իրեն խնդրելու…», - ասաց Շարմազանովը:

ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նույնպես համոզված է, որ իշխանությունը ՀԱԿ-ին երկխոսելու խնդրանքով ոչ մի դեպքում չի դիմի:

Բոսանջյանը ասաց, թե չի կարծում, որ իշխանության համար «առանց երկխոսության կյանք չկա»: Նրա խոսքով` ՀԱԿ-ը որոշակի դժվարությունների մեջ է հայտնվել եւ չի հասկանում, թե ինչ է ուզում անել:

«Իմ կարծիքով, դա բացառված է, խնդրել` էրեխա ենք, ինչ ենք», - ասաց Բոստանջյանը:

Շարմազանովն էլ ընդգծեց, որ առաջին նախագահը իր խոսքում հակասական բաներ է ասում` նախ նշում է, որ երկխոսությունը սկսեցին` իմանալով, որ դա արդյունք չի տա, այնուհետեւ մի քանի օր անց նորից իշխանությանը առաջարկում է երկխոսությունը վերսկսել:

«Այն եզրակացությանն եմ եկել, որ ՀԱԿ-ը ընդամենը երկխոսությունը դիտարկել է որպես որոշակի քաղաքական հնարք` իր իմիջը հասարակության մեջ պահելու համար», - ասաց Հանրապետականի խոսնակը:

Արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա այն հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով են փակվել Երեւան բերող ճանապարհները, ինչպես նաեւ Ազատության հրապարակում գործող սրճարանները, Շարմազանովը առաջին նախագահին հորդորեց իր արշինով մյուսներին չչափել:

«Գուցե իր ղեկավարության տարիներին իր հրամաններով են ոստիկանները նման բաներ արել կամ փակել ճանապարհները, թող իր արշինով չչափի», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ մարդիկ մարզերից Երեւան չեն կարողանում հասնել, ինչը արձանագրել են նաեւ լրագրողները, Շարմազանովն ասաց, թե չի կարծում, որ իշխանությունը արգելում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը` չբացառելով, որ կարող է լինել 1-2 դեպք, երբ ոմանք փորձում են «արջի ծառայություն» մատուցել:

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ ինչպես Ազատության հրապարակի մոտակայքում գործող սրճարանները, այնպես էլ մոտակայքում գտնվող վճարովի զուգարանները փակվել են հենց իշխանությունների հրահանգով: Ավելին, երեկ Տեր-Պետրոսյանը իր ելույթում դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով նրան բացել փակված զուգարանները:

Շարմազանովը այսպես արձագանքեց Տեր-Պետրոսյանի խնդրանքին. - «Ես ափսոսում եմ, որ իմ երկրի առաջին նախագահը եւ արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդը այնքան է սպառել իր քաղաքական ասելիքը, որ բարձրացնում է նմանատիպ հարցեր` զուգարաններ եւ այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG