Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը զբաղվելու է «ժողովրդի ակտիվացմամբ»


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընդդիմության սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ընդդիմության սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ
Ինչպես չորեքշաբթի օրը Ազատության հրապարակում «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Կոնգրեսն այլեւս սպասելու ոչինչ չունի իշխանություններից եւ զբաղվելու է «ժողովրդի ակտիվացմամբ»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ձեւավորված իշխող կոալիցիայի աշխատանքային խումբը տարածեց մի հայտարարություն, ըստ որի խմբի անդամները «չեն կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելը այն արդյունավետ կդարձնի»:

«Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները», - հայտարարել էին իշխանական պատվիրակության անդամները:

Ի պատասխան կոալիցիոն աշխատանքային խմբի այդ հայտարարության` երեկ հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ-ը, ուր, մասնավորապես, ասված է. - «Հայ Ազգային Կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ»:

«Մենք սպասելու ոչինչ չունենք, մենք դրել ենք շատ կոնկրետ պահանջներ: Փաստորեն բանակցել այս իշխանությունների հետ անիմաստ է, եւ միակ ելքը, միջոցը ժողովրդի ակտիվացումն է, ինչով էլ մենք զբաղվելու ենք այս օրերին», - ասաց ՀԱԿ համակարգողը:

Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, թե գիշերն անցել է առանց որեւէ միջադեպի:

Ազատության հրապարակում այսօր արդեն գործում էին երեք սրճարաններ, չնայած զուգարանները շարունակում էին փակ մնալ:

«Անպայման պետք է հասնենք արտահերթ ընտրություններին, միայն արտահերթ ընտրություններ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հրապարակում արդեն հինգերորդ գիշերն անցկացրած շուրջօրյա հավաքի մասնակիցներից մեկը` համոզմունք հայտնելով, որ մարդկանց թիվը հրապարակում կավելանա:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ այսօր եւս շարունակում է չաշխատել մարզերից մայրաքաղաք ուղեւորվող հասարակական տրանսպորտը: Խոսքը վերաբերում է` Ապարանից, Արտաշատից ու Աշտարակից Երեւան մեկնող տրասնպորտին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությանից, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե ճանապարհները բաց են:
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG