Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, նշել է Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի, ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Քննարկվել են միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:

Նաբիհ Բըրրին նշել է, որ լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG