Մատչելիության հղումներ

Լրագրողների անվտանգության հարցերով քննարկում Ստրասբուրգում


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ասուլիս է տալիս Երեւանում, հունվար, 2011թ.
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ասուլիս է տալիս Երեւանում, հունվար, 2011թ.
Չորեքշաբթի օրը Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, լրագրողների անվտանգության հարցերով քննարկում է անցկացվելու։

Բանախոսներն են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ «Նովայա գազետա» թերթի փոխխմբագիր Սերգեյ Սոկոլովը։

Լրագրողներին բռնությունից պաշտպանելու հարցերով քննարկումները ուղիղ հեռարձակվելու են ինտերնետով։

Նախօրեին Թոմաս Համարբերգը հանդես է եկել հայտարարությամբ` ընդգծելով, որ լրագրողներին բռնություններից պաշտպանելը շատ կարեւոր է Եվրոպայում մամուլի ազատության համար։ Նա նշել է, որ վերջին տարիներին առաջատար հետաքննող մի շարք լրագրողներ դաժան սպանությունների զոհ դարձան` Հրանտ Դինքը` Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն` Ուկրաինայում, Էլմար Հուսեյնովը` Ադրբեջանում։ Հոկտեմբերի 11-ին լրանում է Ռուսաստանում Աննա Պոլիտկովսկայայի սպանության 5-րդ տարին։

«Ջանքեր պետք է գործադրվեն ոչ միայն սպանությունները անմիջականորեն կատարողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, այլեւ նրանց, ովքեր պատվիրել են այդ սպանությունները», - ընդգծել է մարդու իրավունքների հանձնակատարը։

Համարբերգը նշել է, որ միայն այս եզակի գործերը չեն, որ վկայում են բռնությունների մասին։ 1992 թվականից մինչեւ հիմա իրենց մասնագիտական գործունեության պատճառով ավելի քան 100 լրագրող է սպանվել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների տարածքում, շատ-շատերը հարձակման են ենթարկվել կամ սպառնալիքներ ստացել։

Սպառնալիքը դիտարկվում է որպես գրաքննություն սահմանելու ձեւ։ Մեկ լրագրողի դեմ ուղղված սպառնալիքը կարող է շատերի համար լուռ մնալու էֆեկտի վերածվել։ Սպառնալիքը, այդպիսով, կարող է դառնալ գրաքննություն սահմանելու մի տեսակ։

Հայտարարությունում նաեւ նշված է, որ նույնը վերաբերում է եւ մամուլի ազատությունը սահմանափակող օրենքներին կամ այլ մեթոդներին։

Օրինակ է բերվում, որ Եվրախորհրդի անդամ որոշ երկրներում զրպարտությունը դեռ համարվում է քրեորեն պատժելի արարք` լրագրողները կարող են բանտարկվել իրենց հրապարակումների համար։ Նման մեղադրանքները պետք է ապաքրեականացվեն եւ քննարկվեն քաղաքացիական գործերով դատարաններում` համաչափության սկզբունքներով, նշել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։

ԵԱՀԿ-ը, իր հերթին, արձանագրել է, որ վերջին 4 տարիների ընթացքում գրեթե 30 լրագրող է սպանվել Եվրախորհրդի անդամ երկրներում, ընդամենը մեկ գործ է բացահայտվել։ ԵԱՀԿ-ը համարում է, որ նման իրավիճակը լուրջ կասկածի տակ է դնում իրավապահ ու դատական մարմինների գործունեության արդյունավետությունը։

Թոմաս Համարբերգը հայտարարությունը ամփոփում է այսպես. - «Այսօր Եվրոպայում մամուլի եւ արտահայտվելու ազատությունների համար առաջնային կարեւոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ լրագրողները իրավունք ունեն աշխատել անվտանգ պայմաններում, առանց վախենալու, որ կարող են բռնությունների, հարձակումների ենթարկվել, առանց վախենալու, որ կարող են ծեծի ենթարկվել կամ սպանվել»։
XS
SM
MD
LG