Մատչելիության հղումներ

Քաղաքական վերլուծաբանները` ՀԱԿ-ի պայքարի արդյունավետության մասին


Ընդդիմադիրների վրանները Ազատության հրապարակում
Ընդդիմադիրների վրանները Ազատության հրապարակում
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Թեւան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ընտրելով շուրջօրյա հանրահավաքային պայքարի ճանապարհը` ՀԱԿ-ը նվազեցրեց որեւէ արդյունք արձանագրելու հնարավորությունը:

«Ինձ չի թվում, որ դրա կարիքը այս պահին շատ էր զգացվում: Երկիրը գնում էր ինչ-որ զարգացման, տնտեսությունը սկսում էր աշխատել, միջազգային ասպարեզում տեղի էին ունենում շատ դրական զարգացումներ Հայաստանի համար: Միգուցե եւ դրանց շարունակելը ավելի դրական հետեւանքներ կունենար, քան թե ռադիկալ ձեւով երկիրը փորձել այդ բարեփոխումներ կատարելու ուղղությանը շրջել», - ասաց Պողոսյանը` ընդգծելով, որ երկխոսությունը շարունակելու դեպքում նախընտրելի լուծումների հնարավոր էր հասնել:

«Լրագիր» էլեկտրոնային պարբերականի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ` իրոք հասունացել էր պահը, որպեսզի ընդդիմությունը որեւէ արմատական քայլի գնար:

«Այն առումով, որ երկրում ընդդիմության բարձրացրած խնդիրները որեւէ կերպ լուծում չեն ստանում, նաեւ երկխոսությունը այդ առումով համենայնդեպս առայժմ ձախողվեց, թե նաեւ այդ ընթացքում ընդդիմության հռետորաբանությունը ենթադրում էր, որ երկխոսության ձախողմանը պետք է անպայման ուղեկցեր նման բան: Դրանից հետո ընդդիմությունը պիտի նման քայլ կատարեր, այլապես հասարակության այն զանգվածը, որ ընդդիմության հետեւորդ է, իսկապես լրջորեն կսկսեր չհասկանալ ընդդիմության վարքագիծը», - կարծիք հայտնեց ՀակոբԲադալյանը:

Շուրջօրյա հանրահավաքների մարտավարությունը, Հակոբ Բադալյանի խոսքով, իսկապես ունի լուրջ ներուժ քաղաքացիների միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու համար: Այժմ, ըստ մեկնաբանի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀԱԿ-ը ինչպես, ինչ արդյունավետությամբ կօգտագործի այս տարբերակը` հանրահավաքներին զուգահեռ ինչ կանի:

«Այս պահին գուցե այնտեղ մեծ զանգվածներ չեն հավաքվում [Ազատության հրապարակում], բայց քանի որ շուրջօրյա ակցիայի նվազագույն ժամկետ է ընտրված յոթ օրը, ես տեսնում եմ հնարավորություններ, որ այդ օրերի ընթացքում օպտիմալ քաղաքականության դեպքում ընդդիմությունը իսկապես կարող է ապահովել քաղաքացիական մեծ մոբիլիզացիա` համենայնդեպս, բավարար մոբիլիզացիա իշխանությանը նորից հետ բերելու եւ երկխոսության սեղանի շուրջ նստեցնելու` ավելի առարկայական քայլերի առումով», - ասաց Հակոբ Բադալյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին` քաղաքագետ Թեւան Պողոսյանը շեշտեց, որ դրա պատճառ չկա թեկուզ այն պատճառով, որ երկրում պետք է քաղաքական մշակույթ ձեւավորվի եւ պետությունը իր բնականոն շրջափուլով առաջնորդվի:

«Երբ տեղի են ունենում տարբեր փոփոխություններ, դրանք ձեւավորում են շատ վատ, բացասական հետեւանքներ: Մեկ անգամ արդեն ունեցել ենք արտահերթ նախագահական ընտրություններ, դրանից հետո շատերը խոսում էին, որ դա շատ սխալ խնդիր է եղել: Ես չէի ցանկանա, որ տարբեր, այդ տեսակի փորձեր զարգանային: Երկիրը պետք է իր ուղով զարգանա», - կարծում է Պողոսյանը:

Հակոբ Բադալյանը հակադարձում է` Հայաստանում արտահերթ ընտրությունների պահանջը միշտ է հասունացած:

«Հենց այն պահից, երբ առաջին անգամ Հայաստանում կեղծվեց ընտրությունը: Ցանկացած կեղծված ընտրությունից հետո միշտ էլ այդ պահանջը հասարակության մոտ կա, այլ է, թե այդ պահանջը արդյո՞ք կդրսեւորվի կոնկրետ վարքագծի տեսքով», - ասաց քաղաքական մեկնաբանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG