Մատչելիության հղումներ

«Դոկտոր մահը» «Ցեղասպանություն» կտավ էր հեղինակել


Ջեք Գեւորգյանը դատարանում, 1999 թվական
Ջեք Գեւորգյանը դատարանում, 1999 թվական
Որպես «Դոկտոր մահ» հայտնի ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանի հեղինակած կտավները, ձեռագիր գրությունները եւ անձնական իրերը հոկտեմբերի վերջին Նյու Յորքում հանվելու են աճուրդի։ Այդ մասին անցած շաբաթավերջին հայտնել են այս տարվա հունիսին մահացած բժշկի փաստաբանը եւ մտերիմ բարեկամը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գեւորգյանի կտավների մեծ մասը վերաբերում է մահվանը։ Դրանցից մեկը վերնագրված է «Ցեղասպանություն» եւ պատկերում է արյունոտ գլուխ, որը մազերից բռնած պահում են երկու զինվորներ` համապատասխանաբար, Առաջին աշխարհամարտի տարիների թուրքական զինվորական համազգեստով եւ Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական զինվորական համազգեստով։

Փաստաբան Մեյեր Մորգանրոթի փոխանցմամբ` այդ կտավով Գեւորգյանը ցանկացել է պատկերել երկու պատերազմների ժամանակ հայերի եւ հրեաների կոտորածները։

Դեթրոյթի պատկերասրահներից մեկի սեփականատեր Էնն Քաֆլերը վկայել է, որ «Ցեղասպանություն» կտավի շրջանակը ներկելիս «Դոկտոր մահը» օգտագործել էր սեփական արյունը։

Փաստաբան Մորգանրոթը հայտնել է, որ աճուրդի հասույթի մեծ մասը ուղղվելու է Գեւորգյանի միակ ժառանգին` մի զարմուհու, եւ քաղցկեղի դեմ պայքարող բարեգործական մի կազմակերպության։

«Դոկտոր մահը» օգնել է կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդների:

Ամերիկահայ բժիշկը 1998 թվականին անբուժելի հիվանդ Թոմաս Յուկի «երկրորդ աստիճանի սպանության» մեղադրանքով դատապարտվել էր 10-25 տարվա ազատազրկման, սակայն բանտում 8.5 տարի մնալուց հետո ազատ էր արձակվել` առողջական վիճակի պատճառով:

Ջեք Գեւորգյանը մահացել է 83 տարեկանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG