Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյանը ՀԱԿ-ի հետ երկխոսության վերսկսման հավանականությունը շատ մեծ է համարում


Գագիկ Մինասյան
Գագիկ Մինասյան
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունը վերսկսելու հավանականությունը շատ մեծ է համարում։ Նման կարծիք Մինասյանը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք՝ Հանրապետական պատգամավորը ՀԱԿ-ի պատվիրակության հետ երկխոսություն վարող իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ է։

«Երկխոսությունը ցանկացած պարագայում անփոխարինելի է քաղաքական գործընթացներում», - նշեց Մինասյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ի հետ երկխոսությունը վերսկսելու հարցը կքննարկվի երկուշաբթի՝ իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամների հանդիպման ժամանակ, որից հետո որոշում կկայացվի։

Երեկ երեկոյան կայացած ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմադիրները որոշեցին Ազատության հրապարակում անցկացվող մեկշաբաթյա հանրահավաք ու նստացույց։ Ընդդիմությունը իշխանությունների առջեւ դնում է այն նույն 8 պահանջները, որ Կոնգրեսի առաջնորդը հնչեցրել էր սեպտեմբերի 23-ի հանրահավաքում։ Միեւնույն ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իրենք մաքսիմալիստ չեն եւ պատրաստ են լրջորեն վերաբերվել իրենց առաջին 2 պահանջների վերաբերյալ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։

Այդ պահանջներն են՝ մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում էական փոփոխությունների կատարում։

«Նկատի ունենալով, որ Տիգրան Առաքելյանը նամակով դիմել է մեզ, խնդրելով, որ իր ազատազրկումը խոչընդոտ չլինի երկխոսությունը շարունակելու համար, մենք պատրաստ ենք թեկուզ վաղվանից շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ սկսել երկխոսություն իշխանությունների հետ», - երեկ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Երեկվա հանրահավաքից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը առկախված երկխոսությունը շարունակելու առաջարկով դիմել է իշխանական աշխատանքային խմբին եւ առաջարկը փոխանցել է Գագիկ Մինասյանի միջոցով։

«Պարոն Զուրաբյանը երեկ իսկապես ինձ զանգեց եւ ասաց, որ իրենք կասեցնում են իրենց կասեցումը։ Ըստ էության՝ մենք միշտ կողմ ենք եղել երկխոսությանը, որովհետեւ համոզված ենք եղել, որ ներքաղաքական խնդիրների կարգավորման ամենաարդյունավետ եւ ամենացիվիլ ճանապարհը հենց երկխոսությունն է: Ցավոք, մեր գործընկերները ընդհատեցին այդ երկխոսությունը, եւ ընդհատեցին ինձ համար բոլորովին անհասկանալի հիմնավորմամբ, եւ վերսկսումը ինձ եւս մեկ անգամ հաստատում է այն մտքի մեջ, որ կասեցումը բոլորովին անհիմն էր», - նշեց կոալիցիոն աշխատանքային խմբի ներկայացուցիչը։

Գագիկ Մինասյանը հավելեց, թե կուզենար պարզաբանումներ ստանալ ՀԱԿ-ի գործընկերներից՝ «այդուհանդերձ ինչո՞վ էր պայմանավորված այդ կասեցումը եւ ինչքա՞ն տուժեց մեր ժողովուրդը, մեր պետությունը այդ կասեցման հետեւանքով»։

Կոալիցիոն աշխատանքային խմբի մեկ այլ անդամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նույնպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք միշտ կարեւորել են երկխոսությունը՝ «որպես քաղաքական ինստիտուտի, որպես քաղաքական ավանդույթի ձեւավորում»։

«Դիրքորոշումները չեն փոխվել։ Ես անձամբ նույնպես մշտապես այդ կարծիքին եմ եղել։ Միաժամանակ, տվյալ դեպքում երկխոսությունից դուրս են եկել ՀԱԿ-ը, եւ եթե նրանք հայտարարում են, որ իրենք պատրաստ են շարունակել երկխոսությունը, սա հայտ է եղել։ Իսկապես կքննարկենք եւ կկարողանանք հստակորեն պատասխանել», - նշեց Մհեր Շահգելդյանը։
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG