Մատչելիության հղումներ

Ճարտարապետների մեծամասնությունը դեմ է կառավարության շենքի բակում աշտարակի կառուցմանը


Հայաստանի ճարտարապետների միության անդամները ուրբաթ օրը քննարկում են անցկացրել կառավարության շենքի բակում կառուցվելիք աշտարակի վերաբերյալ:

Մինչ քննարկումը սկսելը, միության անդամներն ու ճարտարապետները լրացնում էին այսպես կոչված քվեաթերթիկները` արտահայտելով իրենց կարծիքը աշտարակի կառուցման առնչությամբ:

Օրվա վերջում պարզ դարձած քվեարկության արդյունքների համաձայն` ճարտարապետների ճնշող մեծամասնությունը` 127 հոգի դեմ է արտահայտվել աշտարակի կառուցմանը, 13-ը` կողմ, 3-ը` ձեռնպահ, 15 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծի համաձայն, կառավարության շենքի բակում պիտի լիներ աշտարակ (թմբուկ), որը ինչ-ինչ պատճառներով չի կառուցվել։ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ որոշել է վերականգնել Թամանյանի նախագիծը` իր լրամշակումներով: Կառուցվելիք շինության մեջ նախատեսվում է տեղավորել սփյուռքի եւ արդարադատության նախարարությունները։

Ճարտարապետները կարծում են, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իրավունք չունի նման նախագծեր իրականացնի առանց իրենց հետ քննարկումներ ծավալելու: Նրանք նշում են, որ կառավարությունն իր որոշմամբ խախտել է մի շարք օրենքներ` հասարակությանը տեղյակ չի պահել ծրագրվող գործողությունների մասին, կառուցապատողին ընտրելու համար մրցույթ չի հայտարարել, եւ ի վերջո, իրավունք չունի Թամանյանի անվան տակ խեղաթյուրել մայրաքաղաքի տեսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG