Մատչելիության հղումներ

Այսօրվա հանրահավաքում ՀԱԿ-ը հստակեցնելու է իր գործողությունները


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքում հստակեցնելու է իր հետագա գործողությունները, քանի որ այլեւս ակնհայտ է, որ իշխանությունները զիջումների չեն գնում։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Մենք շատ մանրամասն ժողովրդի հետ կքննարկենք մարտավարության հնարավորությունները եւ որոշումները կկայացնենք։ Մի բան կարող եմ խոստանալ, որ հստակություն մտցվելու է միանշանակ` բոլոր գործողությունների առումով», - հայտարարեց Զուրաբյանը` հավելելով. - «Մարդիկ ջղայնացած են ստեղծված իրավիճակից եւ իշխանությունների այս արձագանքից, իշխանությունների, փաստորեն, մերժումից` դեպի ժողովրդավարություն այս անցումը կատարելու գործընթացի, եւ այսօրը դառնալու է բեկումնային օր»։

«Այսինքն, ՀԱԿ-ը պետք է ժողովրդի հետ որոշի, թե ինչպես հասնել արտահերթ ընտրությունների՞ իր պահանջի իրագործմանը», - այս հարցին ՀԱԿ-ի համակարգողը արձագանքեց. - «Մեր նպատակն է ապամոնտաժել այս կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, որը այսօր Հայաստանում գոյություն ունի։ Բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե մենք ազատվենք մի իշխանությունից, որը հաշվետու չէ ժողովրդի առաջ, այլ լրիվ կախված է այդ օլիգարխներից, որոնք, փաստորեն, իրենց իշխանության տակ են վերցրել պետական մեքենան։ Բնականաբար, իշխանության այդ վերափոխման հնարավորությունը միակն է` դա Հայաստանում նոր ընտրությունների միջոցով լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության ձեւավորումն է»։

Այսինքն, ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ը այլեւս իշխանություններից չի ակնկալելու որեւիցե փոխզիջումային տարբերակ. - «Այս պահին ակնհայտ է, որ իշխանությունները չեն գնում զիջումների, նրանց թվացել է, թե այլեւս լարվածություն չկա, բայց չեն հասկացել, որ լարվածություն չկա միայն այն պատճառով, որ ժողովուրդը ակնկալիքներ ուներ երկխոսությունից։ Եթե երկխոսությունը այլեւս չի գործելու որպես արդյունավետ միջոց լիցքաթափման, ուրեմն` այսօր կտեսնեն արդեն, թե ինչպես է ժողովուրդը արձագանքելու իշխանության կողմից երկխոսության տապալմանը»։

«Իշխանություններն արդեն նյարդայնանում են», - հավելեց ՀԱԿ-ի համակարգողը` վկայակոչելով իրենց հանրահավաքը խոչընդոտելու փորձերը. - «Երեւում է, որ իշխանություններն էլ են նյարդայնացած, նրանց նյարդերը տեղի են տալիս` խանգարում են մեր ակտիվիստներին իրազեկում իրականացնել, կազմակերպված մաքրում են մեր փակցրած թռուցիկները, նորից տրանսպորտի միջոցների սեփականատերերին հրահանգներ են տալիս` այդ օրը չսպասարկեն. արդեն մեր Գյումրիի կառույցը հայտարարություն է արել։ Անգամ այն մարդիկ, որոնք համաձայնում էին տրամադրել մեքենաները, որ մարդկանց տեղափոխեն Երեւան, նրանք էլ են հրաժարվում»։

«Այսինքն` ոստիկանության ճնշումները աննախադեպ են։ Նորից սկսվել են բոլոր այն գործողությունները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում իշխանությունը իրականում ժողովրդի աջակցության վրա չի հենված, այլ հենված է բացարձակապես բռնաճնշումների վրա», - ամփոփեց Լեւոն Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG