Մատչելիության հղումներ

Միջնորդները Սարգսյանին եւ Ալիեւին են ներկայացրել իրենց ծրագիրը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն, արխիվային լուսանկար
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից` աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն, արխիվային լուսանկար
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Վարշավայում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին են ներկայացրել իրենց աշխատանքային պլանը առաջիկա ամիսների համար` մինչեւ Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումը։

Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը իրենց հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, հայտնում են, որ նախ Ալիեւի, ապա Սարգսյանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված հետագա քայլերը։

«Համանախագահները վերահաստատեցին նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` մայիսի 26-ի Դովիլի հայտարարությունում ստանձնած հանձնառությունը` օժանդակելու կողմերին նման կարգավորման հասնելու հարցում», - ասված է միջնորդների հայտարարությունում։

Համանախագահները վստահեցնում են, որ շարունակելու են աշխատել կողմերի հետ` «սահմանազատելու նրանց ներկայիս տարաձայնությունները Հիմնարար սկզբունքների` որպես համընդգրկուն խաղաղ կարգավորման շրջանակի, շուրջ»։

Միջնորդները հայտնում են նաեւ, որ կառաջարկեն բոլոր կողմերին «հրադադարի ամրապնդմանը, տեղում մթնոլորտի բարելավմանը եւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխըմբռնման խթանմանը միտված հավելյալ միջոցառումներ»։

«Համանախագահները ծրագրում են կրկին տարածաշրջան այցելել մոտ ապագայում` իրագործելու այս աշխատանքային պլանը», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG