Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հակադարձում է Մամեդյարովին


Երեկ Նյու Յորքում ավարտվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հիմնական քննարկումները: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել քննարկումներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Մամեդյարովի ելույթում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին հղումները նրա երեւակայության արդյունք են, ով դեռեւս կարծում է, թե սառը պատերազմի շրջանի քարոզչությունն ու ՄԱԿ-ում հակահայկական հայտարարությունները կարող են արդյունավետ գործիք հանդիսանալ իր երկրի դիրքերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ամրապնդելու համար. բանակցություններ, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համապարփակ, այլ ոչ թե քայլ առ քայլ կարգավորմանը, ինչպես որ նշում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հերքելով ՄԱԿ-ի բանաձեւերում Հայաստանի «ագրեսիայի», Հայաստանի զինված ուժերի դուրսբերման պահանջների, ինչպես նաեւ 20 տոկոս տարածքների զավթման արդյունքում 1 միլիոն փախստականների մասին ձեւակերպումների առկայությունը` Նազարյանը ընդգծել է, որ նախարարի ելույթում հնչած մեղադրանքներն ու փաստերի նմանօրինակ աղավաղումներն անհիմն են, անարդյունավետ ու վնասում են բանակցությունների ընթացքին, միջազգային կազմակերպությունների աշխատանքին` արհեստականորեն ձգձգելով կառուցողական այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջները բավարարելու համար: Նշվել է նաեւ, որ Ադրբեջանն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները Ղարաբաղի նկատմամբ՝ ի պատասխան վերջինիս ժողովրդի կողմից ինքնորոշման իր իրավունքի կիրառման:

Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն աղավաղված փաստերի միջոցով մոլորության մեջ է գցում իր ժողովրդին, ապա դա դեռեւս չի նշանակում, որ նույն բանը կարող անել նաեւ միջազգային հանրության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG