Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»


«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրության խնդիրն է, քանզի ժամանակին ճանաչված եւ դատապարտված չլինելով, այն ճանապարհ հարթեց 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանությունների ու էթնիկ բնաջնջումների համար», - հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովը` երեկ Պոտսդամում այցելելով Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան։

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության եւ հատկապես Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիայի կողմից մենք դիտում ենք որպես նման ոճրագործությունների կանխարգելման լավագույն երաշխիք», - ասել է Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ պատմական արդարության վերականգնումը Հայաստանը կարեւորում է նաեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում:

«Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոսթը որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - հայտարարել է Ազգային նախագահը եւ ընդգծել. - «Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը»:

Հովիկ Աբրահամյանը անգնահատելի է համարել գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սկզբնավորման գործում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելել է «Սեսիլ հոֆ», որտեղ 1945 թվականին տեղի է ունեցել Պոտսդամի հայտնի կոնֆերանսը:

Այսօր նախատեսվում է Ազգային ժողովի նախագահի հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG