Մատչելիության հղումներ

Գլեբ Պավլովսկի. «Այսօրվա Պուտինը զոմբի է»


Քաղաքագետ Գլեբ Պավլովսկի
Քաղաքագետ Գլեբ Պավլովսկի
Վերլուծաբանները շարունակում են քննարկել Դմիտրի Մեդվեդեւ - Վլադիմիր Պուտին քաղաքական փոխատեղման տարբերակը։

Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») հանդեսի մեկնաբան Ջուլիա Յոֆեն գրել է, թե 2007 թվականին ավարտելով նախագահական երկրորդ ժամկետը, Վլադիմիր Պուտինը վճռել էր չխախտել Սահմանադրությունը, հրաժարվել նախագահի աթոռից, զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահությունը վստահել իր սանկտպետերբուրգցի երիտասարդ բարեկամ Դմիտրի Մեդվեդեւին։

Ակնհայտ էր, որ «տանդեմը» իշխանությունը երկար ժամկետով պահպանելու ծրագիր է մշակում։ Այդ օրերին էլ ռուսական քաղաքական վերնախավում սկսեցին պատմել այս անեկդոտը. 2023 թվական, խոհանոցում նստած են Պուտինն ու Մեդվեդեւը, արդեն լավ գինովցած են, մեկ էլ Պուտինն ասում է. - «Լսիր, Դիմա, ես էլի ամեն ինչ շփոթել եմ, հիմա մեզնից ո՞վ է վարչապետ եւ ո՞վ է նախագահ»։ Մեդվեդեւն արձագանքում է.- «Հիմա, եթե չեմ սխալվում, նախագահը դու ես»։ «Շատ լավ է, ուրեմն դու գործադիրն ես, դե գնա էլի գարեջուր բեր»։

Ջուլիա Յոֆեի փոխանցմամբ, անցած ամիսներին արդեն ակնհայտ էր, որ Պուտինի վերադարձն առավել քան հավանական է, եւ, այնուամենայնիվ, երբ այդ մասին ազդարարվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, մարդիկ, միեւնույն է, զարմացան։

Հիմա ռուսաստանցիներից շատերը հաշվում են, փորձում են ճշտել, թե քանի տարեկան կլինեն, երբ Պուտինը 2023 թվականին կհեռանա պաշտոնից, քչերն են կասկածում, որ նա հենց երկու անգամ անընդմեջ կպաշտոնավարի։

Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Մաշա Լիպմանի փոխանցմամբ, իշխող «տանդեմի» կողմից ընտրությունների հարցի լուծման բացահայտումն ունի առնվազն մեկ դրական բան` վերջ է տրվել չորս տարի տեւած երկիմաստությանը, երբ ռուսաստանցի եւ օտարերկրացի քաղաքագետները փորձում էին պարզել, թե ո՞վ կառաջադրվի` Պուտի՞նը, թե՞ Մեդվեդեւը։

Բայց Ռուսաստանում արդիականացման եւ առաջընթացի հետ հույսեր կապող մարդկանց համար «տանդեմի» ծրագիրը, իհարկե, վատ լուր է։

Հետաքրքիր տեսակետ է հայտնել Վլադիմիր Պուտինի երբեմնի դաշնակից, վերլուծաբան, «Արդյունավետ քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Գլեբ Պավլովսկին։

«Մեդվեդեւը երբեք չի մտածել պաշտոնավարման երկրորդ ժամկետի մասին։ Ես դեռ 2007-ին եմ գրել, որ նա գիտի, որ ինքը որեւէ որոշում կայացնող չէ», - ասել է Պավլովսկին եւ ավելացրել. - «Ես համակրել եմ 2000 թվականի Պուտին-քաղաքական գործչին, բայց այդպիսին այլեւս չկա, մահացել է, 2007 թվականի Պուտինն էլ չկա, իսկ այսօրվա Պուտինն արդեն զոմբի է»։

Ի դեպ, Գլեբ Պավլովսկին ոչ միայն իր հիմնադրած քաղաքագիտական կենտրոնի ղեկավարն է, այլեւ ընդհուպ մինչեւ այս տարվա ապրիլի վերջը հասարակական կարգով աշխատել է որպես Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական։ Նախագահ Մեդվեդեւը նրան մայիսին ազատել է այդ պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG