Մատչելիության հղումներ

Ավազակային խմբի պարագլուխը կալանավորվել է


Վթարի ենթարկված մեքենան, որում գտնվել էին հանցավոր խմբի որոշ անդամներ, 23 սեպտեմբեր, 2011
Վթարի ենթարկված մեքենան, որում գտնվել էին հանցավոր խմբի որոշ անդամներ, 23 սեպտեմբեր, 2011
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կալանավորվել է մայրաքաղաքում վերջին շրջանում ավազակային հարձակումներ իրականացրած բանդայի պարագլուխը` Արտուշ Հակոբյանը:

Երկուշաբթի երեկոյան ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը (ով անցած ուրբաթ փախուստի ժամանակ ժայռից վայր ընկնելով մահացել էր), կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ` բանդա` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին:

Ոստիկանությունը նշում է, որ բանդայի պարագլուխներից Արտուշ Հակոբյանին բանդիտիզմի կասկածանքով բերման են ենթարկել սեպտեմբերի 24-ին` Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից: Նախկինում 6 անգամ դատապարտված Հակոբյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Սեպտեմբերի 25-ին էլ Հակոբյանի Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով, 13 փամփուշտով եւ վեց պարկուճով:

Ըստ ոստիկանության` քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաեւ մի շարք այլ բնակարաններում ու տներում: Խուզարկություններ են կատարվել նաեւ Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր: Բացի այդ` այս գործի շրջանակներում ձերբակալված Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 300 փամփուշտ: Հայտնաբերված զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:

Ոստիկանությանը նաեւ տեղեկացնում է, որ բանդայի հանցավոր գործունեությունը ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են:

Նշենք, որ անդրադառնալով բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին, մամուլը գրում է, որ 1961 թվականին ծնված Հակոբյանը գործարար է, ով Գառնիում գործող լավաշի արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերության սեփականատերերից է:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ վստահ է, որ հայտնաբերված խումբը հենց այն խումբն է, որը վերջին շրջանում Երեւանում մի շարք ավազակային հարձակումներ էր իրականացրել եւ ծեծի ու սպառնալիքների միջոցով մեծ չափի գումարներ հափշտակել: Երեւանի ոստիկանապետն ասաց, որ լիովին համոզված է դրանում, եւ ապացույցներով դրանք հիմնավորված են:

Ի պատասխան հարցին` ճի՞շտ են արդյոք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ավազակության մեջ կասկածվողների որջից տետր է հայտնաբերվել, որտեղ նշված են եղել պաշտոնյաների եւ գործարարների տվյալներ ու հասցեներ, Ներսես Նազարյանը նշեց, թե միայն կարող է ասել, որ իր ասածը հիմնավորված է եւ շատ հանցագործություններ էլ նախականխման աշխատանքների արդյունքում կանխվել են։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ավազակության մեջ կասկածվող խմբի անդամների մեջ կան նաեւ պաշտոնյաների որդիներ, ապա ո՛չ ոստիկանությունը եւ ո՛չ էլ գլխավոր դատախազությունը այդ լուրերը առայժմ չեն հաստատում։
Այս գործի շրջանակներում անցած ուրբաթ ոստիկանություն բերման ենթարկված` Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին նույն օրը ազատ է արձակվել։

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG