Մատչելիության հղումներ

Սեզարիա Էվորայի փոխարեն կերգի Ալեսանդրո Սաֆինան. կվաճառվի տոմսերի 30 տոկոսը


Չեղյալ են հայտարարվել 70-ամյա Էվորայի շրջագայության բոլոր համերգները՝ Հայաստանից մինչեւ Անգլիա:

Այս մասին այսօր հայտարարեց Երեւանում Սեզարիա Էվորայի համերգի կազմակերպիչներից մեկը՝ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Էվորայի համերգի հետ կապված մենք անում ենք պաշտոնական հայտարարություն, որ սեպտեմբերի 23-ին նրա մենեջմենթի կողմից ամբողջ աշխարհով տարածվեց հաղորդագրություն նրա առողջական ծանր վիճակի մասին, այն մասին, որ նա հայտնվել է Փարիզի հոսպիտալում եւ այլեւս չի կարողանա երգել: Մենք ցավում ենք, որ ոչ թե հետաձգում ենք այդ համերգը, այլ այն պետք է չլինի», - ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Երեւանյան համերգի համար վաճառվել էր 450-500 տոմս, սակայն բազմաթիվ ցանկացողներ այդպես էլ չէին կարողացել ձեռք բերել դրանք:

«Այդ տոմսերը վերջացել են 3 ժամում: Նույնիսկ ես իմ ծանոթների համար չեմ հասցրել տոմս պահել», - ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Համերգը մեծամասամբ հրավիրատոմսերով էր լինելու՝ մյուս կազմակերպիչ` «Խրոնոգրաֆ» ոսկյա զարդերի եւ ժամացույցների խանութի հաճախորդների համար:

Սեպտեմբերի 29-ին Սեզարիա Էվորայի փոխարեն հայ հանդիսատեսին կներկայանա հայտնի իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան: Տոմսերը բաշխվելու են նույն սկզբունքով եւ վաճառքի կհանվեն այսօրվանից:

«Այն մարդիկ, ովքեր որ գնել էին Էվորայի համերգի տոմսեր եւ կուզենային Սաֆինայի համերգին էլ գնալ, կարող են փոխարինել տոմսերը, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա, կարող են վերադարձնել դրանք եւ գումարը հետ ստանալ», - ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Հարցին, արդյոք ընտրյալների խումբ չեն ստեղծում մեծամասամբ իրենց՝ ոսկյա զարդերի եւ ժամացույցների խանութի հաճախորդներին հրավիրատոմսեր բաժանելով՝ խանութի ղեկավար Համազասպ Մելքումյանը պատասխանեց. - «Մենք միջոցառումը նվիրել ենք մեր խանութի հաճախորդներին: Մենք կազմակերպում ենք համերգը, մենք նվիրում ենք մեր հաճախորդներին, բայց՝ հաշվի առնելով, որ մարդիկ կան, ովքեր կցանկանային գալ, մենք ասացինք՝ այս մասը ձեզ: Սա մեր խոսքն է մեր հաճախորդներին»:

«Ժողովրդական լեզվով ասած՝ այս համերգի «տերը» «Խրոնոգրաֆն» է: Մենք ուղղակի մեր մասով աջակցել ենք: Սա այն հոգեւոր սնունդը չէ, որը պարտադիր կոնսերվատորիայի դասախոսներն էլ ստանան լսելով այն: Երբ մենք կազմակերպում ենք դասական համերգներ, աշխատում ենք տոմսերի մի մասը նրանց բաժանել: Բայց այս համերգը այդպիսինների շարքին չի դասվում: Մեր փառատոնի շահագրգռվածությունը նրանում է, որ գրանցվի այն փաստը, որ նման մեծանուն արտիստները են եկել Հայաստան», - ասաց Սոնա Հովհաննիսյանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG