Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում է


Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքից շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի առաջին օրը Սերժ Սարգսյանը Մոնտեբելո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծառ տնկել հիշատակի պուրակում:

Երեկ նախագահը մասնակցել է Հայաստանի կենտրոնական բանկի եւ Բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի եւ Կալիֆորնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանը կարեւորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման եւ Հայաստանի հզորացման: Նա նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաեւ Հայաստանի քաղաքացիների ներուժը:

Լոս Անջելեսում Սրբոց Ղեւոնդյանց նորակառույց առաջնորդանիստ եկեղեցում Հայաստանի նախագահը ներկա է գտնվել պատարագին, որը համատեղ մատուցել են Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Կիլիկիո կաթողիկոսության նույն թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ամերիա» խմբի ներկայացուցչության բացման արարողությանը:

Լոս Անջելեսում նախագահը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը եւս:

«Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում ե՛ւ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, ե՛ւ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետեւ շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է», - արարողության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, որ մեր ժողովրդի համար ամենածանր պահերին հնարավորություն տվեց մեր հայրենակիցներին մուտք գործելու Միացյալ Նահանգներ, հնարավորություն տվեց արժանապատիվ ապրելու, զարգանալու, ինտեգրվելու այս հզոր երկրի հասարակության մեջ՝ ճանաչելի դարձնելով իր պատմական հայրենիքը»:

Երեկոյան նախագահը Լոս Անջելեսում մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, իսկ մինչ այդ հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG