Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի օրակարգում Պաղեստինի ճանաչումն է


Հազարավոր պաղեստինցիներ Ռամալայում ողջունում են ՄԱԿ-ում Պաղեստինի պետությունը ճանաչելու հայտը ներկայացրած Մահմուդ Աբասին, 25-ը սեպտեմբերի, 2011թ.
Հազարավոր պաղեստինցիներ Ռամալայում ողջունում են ՄԱԿ-ում Պաղեստինի պետությունը ճանաչելու հայտը ներկայացրած Մահմուդ Աբասին, 25-ը սեպտեմբերի, 2011թ.
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է քվեարկության դրվի Պաղեստինի պետությունը ճանաչելու առաջարկը։

Բանաձեւի նախագիծն արդեն փոխանցվել է Անվտանգության խորհրդի 15 անդամներին, որոնցից միայն 5-ը` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը ունեն վետոյի իրավունք։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր երկրի ներկայացուցիչն անպայման կօգտվի նախագիծը վետոյի ենթարկելու իրավունքից, քանի որ, ամերիկյան վարչակազմի համոզմամբ, այդ հարցը հարկ է լուծել Իսրայելի հետ բանակցությունների միջոցով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից Ռուսաստանն ասել է, որ պատրաստ է սատարել պաղեստինցիներին։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը սեպտեմբերի
23-ին է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հանձնել իր երկիրը 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում պաշտոնապես ճանաչելու եւ ՄԱԿ-ի անդամության կարգավիճակ շնորհելու դիմումը։

«Պաղեստինի ժողովրդի նպատակն է ստեղծել ազգային պետություն Հորդանանի Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի տարածքներում, պետության մայրաքաղաքը` Ալ-Քուդսը, նույն ինքը Արեւելյան Երուսաղեմը», - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Աբասը։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ում` Պաղեստինի ղեկավարը նաեւ ասել է, թե իր ժողովուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Իսրայելի բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալներին։

Աբասը հավաստիացրել է, որ Պաղեստինը պատրաստ է վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ։

Նրա խոսքերով, Պաղեստինի ճանաչումը ուղղված է ոչ թե Իսրայելի մեկուսացմանը, այլ Պաղեստինի ժողովրդի արդար մղումների օրինականացմանը։

Կիրակի օրը Աբասին հերոսի նման են դիմավորել Ռամալայում, որտեղ գտնվում է Պաղեստինի վարչակազմի գրասենյակը։

Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, թե «խաղաղության են հասնում ոչ թե բանաձեւեր ընդունելով, այլ միայն բանակցություններով»։

Երեկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը ելույթ է ունեցել ռադիոյով եւ սպառնացել է, թե իր երկիրն ամենակոշտ պատասխանը կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի ճանաչմանը դրական արձագանքելու ցանկացած քայլի։

Մերձավոր Արեւելքի հարցով միջազգային քառյակը, որի կազմում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ը, Իսրայելին եւ Պաղեստինին հորդորել է «խուսափել միակողմանի ապակառուցողական քայլերից ու սադրանքներից եւ անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG