Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 24-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 23-ի հանրահավաքը կարելի է համարել ավելի շատ անոնսային, քան կոնկրետ քաղաքական ակտ: Բանն այն է, որ հանրահավաքի ընթացքում ավելի շատ փորձ էր արվում ինտրիգ մտցնել սեպտեմբերի 30-ին կայանալիք հաջորդ հանրահավաքից առաջ, քան, ասենք, որեւէ հստակ ուղերձ հղել հասարակությանը տվյալ պահի համար: Իհարկե հնչեց հայտարարություն քաղաքացիական անհնազանդության արշավի պատրաստվելու մասին, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերհաստատեց իր հռչակած «սկսել ա»-ն, բայց այդուհանդերձ, տպավորությունը կրկին հարաբերական է, քանի որ հնչեցնելով այդ ամենն ու նաեւ իշխանությանը ներկայացնելով ութ պահանջներ` արտահերթ ընտրությունից մինչեւ սոցիալական հարցեր, Կոնգրեսի առաջնորդն, այդուհանդերձ, կրկին թողեց նահանջի ճանապարհը կամ արահետը` հայտարարելով, որ իրենք մաքսիմալիստ չեն եւ պատրաստ են լսել այդ ամենի իշխանական այլընտրանքը, եթե դա լուրջ եւ էական այլընտրանք է»:

Հանրահավաքին անդրադառնալով «Երկիր» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Որ լեգիտիմ իշխանության ձեւավորումն անհրաժեշտ է հասարակական համերաշխության եւ ժողովրդավարության կայացման համար, աքսիոմատիկ ճշմարտություն է: Բայց սետեմբերի 23-ի հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը մի նոր, արհեստական ճշմարտություն հնարեց` լեգիտիմ իշխանության ձեւավորումն անհրաժեշտ է նաեւ հայ-թուրքական եւ Ղարաբաղյան հարցերում զիջումների գնալու կամ, ավելի ճիշտ, դրանք արեւմտյան ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծելու համար: Իսկ ներկայիս իշխանությունն այդ հարցը չի կարողանում լուծել միայն այն պատճառով, որ լեգիտիմ չէ: Արեւմուտքն էլ այս հարցերը լուծելու իր ազնիվ նպատակադրումներին չի կարողանում հասնել, որովհետեւ, հասկանում եք, սխալ մարդու վրա է խաղադրույք կատարել»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է երեկվա մեկ այլ հավաքի. - «Հարյուր հազարավոր մարդկանց եմ օգնել: Այդ մարդկանց համար գնացել եմ հեռուներ, գնացել եմ նրանց տներ… ո՞ւր են այդ մարդիկ, չե՞ն ուզում լավ ապրել», - երեկ «Ազգային ճակատի» հերթական համաժողովի ժամանակ նեղացած հայտարարեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Նրա վրդովմունքի պատճառը հավանաբար մարդկանց սակավությունն էր: Թեեւ հայտարարվեց, որ ներկաները լսելու եւ տեսնելու են «Ազգային ճակատի» վճռական ու յուրովի ռազմավարությունը, որն ընտրել են իրենք, եւ որը դեռ ոչ ոք այս քսան տարիների ընթացքում չի առաջարկել, սակայն որեւէ սենսացիոն, էքսկլյուզիվ բան այդպես էլ չասվեց: Ավելին, հասկանալի էր չէր, թե որն էր համաժողովի նպատակը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայկական ԶԼՄ-ներին հետեւելիս ես միշտ զարմացել եմ իմ գործընկերների իրազեկության վրա: Բացում ես ընդդիմադիր թերթը եւ այնտեղից իմանում ես, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանը ամենանեղ, ամենամերձավոր շրջանակներում: Կամ նրանք «ժուչոկներ» ունեն նախագահի աշխատասենյակում, կամ էլ անձամբ մտնում են այդ նեղ շրջապատի մեջ: Կարդում ես իշխանամետ լրատվամիջոցը եւ դարձյալ զարմանում ես` այդ որտեղի՞ց են նրանք իմացել, թե ինչ է Հայաստանի առաջին նախագահը խոսել իր մտերիմների հետ: Եթե դուք այդ մտերիմների շարքում եք, ապա ինչո՞ւ ես ՀԱԿ առաջնորդին այդքան քննադատում: Սակայն այդ մտերմիկ զրույցների մասին տեղեկատվությունը, իհարկե, շատ հետաքրքիր է հասարակության համար` դատելով նրանից, որ նման լուրերը նույն օրը մեծ խանդավառությամբ տարածում են կայքերը: Բայց այդ ամենը լրագրողական աշխատանքի, կարելի է ասել, անմեղ դրսեւորումն է. քաղաքական լիդերների զրույցների մասին գեղարվեստական պատումները իրենց հասարակական ազդեցությամբ նման են տանը հարեւանուհու հետ սուրճի բաժակ նայելուն: Մարդիկ ժամանակ են անցկացնում` համատեղելով հաճելին եւ օգտակարը` համ «չանա են ծեծում», համ էլ հաղորդակից են դառնում «բարձր քաղաքականությանը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է. - «Հատկապես ցավալի է, որ կառավարությունը թեեւ կանխատեսում ու զգուշացնում է նոր ճգնաժամի մասին, սակայն ոչ մի գործնական, կանխարգելիչ, հարվածի ուժը մեղմող քայլ չի կատարում: Հավանաբար մեր գործադիր իշխանությունը այս ճգնաժամը դիմագրավելը համարում է անհնարին եւ, ինչպես հայտնի անեկդոտում, առավելապես մտահոգ է, թե անխուսափելի իրավիճակում հայտնվելու դեպքում ինչպես առավելագույն հաճույք ստանա: Իսկ նման տնտեսական քաղաքականության հետեւանքով մեր պետության քաղաքացու կենսամակարդակն է դարձյալ անկում ունենալու, մեր տնտեսությունն է դառնալու էլ ավելի անմրցունակ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG