Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում պարգեւատրվել է «Էլլիս կղզի» պատվո մեդալով


ԿԱԷԿ նախագահը Սերժ Սարգսյանին է հանձնում «Էլլիս կղզի» պատվո մեդալը, 23 սեպտեմբեր, 2011
ԿԱԷԿ նախագահը Սերժ Սարգսյանին է հանձնում «Էլլիս կղզի» պատվո մեդալը, 23 սեպտեմբեր, 2011
Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ԱՄՆ-ի «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահի կողմից պարգեւատրվել է «Էլլիս կղզի» պատվո մեդալով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, նա այդ մեդալով պարգեւատրվել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նվիրումի, ինչպես նաեւ Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար:

Սերժ Սարգսյանը այդ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության ընթացքում առաջին օտարերկրյա ղեկավարն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այժմ «Էլլիս կղզի» պատվո մեդալով պարգեւատրված հազարից ավելի անձանց թվում եղել են ԱՄՆ 6 նախագահներ, տասնյակ պետքարտուղարներ, սենատորներ, կոնգրեսականներ, Նոբելյան մրցանակակիրներ, արվեստագետներ ու ձեռնարկատերեր:

Հայաստանի նախագահը դիտում է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը ԱՄՆ-ի Էլլիս կղզում գտնվող Ներգաղթի թանգարանում
Պարգեւատրման արարողությունը կայացել է Էլլիս կղզում գտնվող Ներգաղթի թանգարանում, որտեղ Հայաստանի նախագահը դիտել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը եւ Էլլիս կղզով Միացյալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Նրան թանգարանում հյուրընակել են ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

«Նա մարդ է, ով հանուն իր երկրի պայքարել է, ում՝ ազատ եւ ծաղկուն Հայաստանի տեսլականը վայելում է ամերիկյան կառավարության ու աշխարհի կառավարությունների աջակցությունը: Ամենակարեւորը՝ նա խաղաղության ու հանդուրժողականության երկխոսություն ծավալեց հարեւանների հետ` իր ժողովրդին առավելագույնս մոտեցնելով խաղաղության: Պարո՛ն նախագահ, այն ամենի շնորհիվ, ինչ Դուք արել եք Ձեր երկրի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, պատմությունը Ձեզ մեծ հարգանքով կհիշի», - պարգեւատրման արարողության ժամանակ ասել է ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, ասել է, թե մեծ պատիվ է համարում այն եւ գիտակցում, որ այդ պարգեւին արժանացող առաջին ոչ ամերիկացի նախագահն է:

«Այսօր ես հուզմունքով եւ հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաեւ Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի՝ այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության եւ գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` պարգեւատրման արարողությունից հետո ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինիի կողմից կազմակերպվել է ընդունելություն` ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG