Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարները՝ անկախության ձեռքբերումների եւ ձախողումների մասին


«Անկախությունն ինքնին գերագույն արժեք է եւ մեր բազմամյա պատմության մեծագույն նվաճումը», - Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առիթով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ շնորհավորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին «այս լուսավոր տոնի կապակցությամբ»:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, անկախության շրջանի կարեւորագույն ձեռքբերումներից է «Լեռնային Ղարաբաղի ազատագրումը»։

«Դա մեր պատմության մեջ ամենալուսավոր հաղթանակներից մեկն է, երբ մենք կարողացանք ապացուցել, որ ի վիճակի ենք հաղթանակներ տոնելու եւ միջազգային հանրությանը կարողացանք ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի տնօրինելու իր ճակատագիրը եւ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացներում», - նշեց նախկին արտգործնախարարը։
Ու թեեւ, ըստ Արզումանյանի, այս ընթացքում հայկական դիվանագիտության թերացման պատճառով Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից, սակայն, այդ թերացումը կարելի է շտկել:

Հայաստանի մեկ այլ նախկին արտգործնախարարի՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, անկախության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը «երկար տարիների անպետական կարգավիճակից հետո մեր ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն էր»:

«Այդ հնարավորությունը, սակայն, միշտ չէ, որ մենք թե’ արտաքին, ու թե’ ներքին քաղաքականության մեջ արժանվույնս օգտագործել ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովաննիսյանը՝ նկատի ունենալով, իր իսկ պատկերավորմամբ`«Հայաստանում առկա անիրավ, անարդար եւ արտագաղթով հագեցած իրավիճակը»:

Անկախության կարեւորագույն ձեռքբերումների շարքում Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացրեց նաեւ անկախության սերնդի ձեւավորումը, որն իսկապես ուղղորդելու է Հայաստանի Հանրապետությունը դեպի ազատ, արդար, արժանապատիվ ապագան։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի նախկին արտգործնախարարներն անդրադարձան նաեւ վերջին տասնամյակներին գրանցված ձախողումներին եւ կորուստներին:

«Կորուստները շատ են եղել․ կորցրել ենք Հյուսիսային Արցախը, կորցրել ենք մեր համաքաղաքացիներից մեկ միլիոնը՝ հավատի կորուստը, որ իրենց մղեց արտագաղթի, հոկտեմբերի 27, մարտի 1․․․ հոկտեմբերի 10-ի արձանագրությունները նաեւ պատկանում է կորուստների մեր երկար շարքին։ Դրա համար ես կարծում եմ, որ կորուստներ եղել են թե՛ մարդկային, թե՛ ազգային, թե քաղաքացիական չափումներում, եւ առաջիկա 20 տարիներին մենք պետք է շրջադարձ անենք եւ իսկապես մի օրակարգում մի խաչմերուկի վրա բերենք Հայաստանի քաղաքացիական, ժողովրդավարական եւ ազգային անհրաժեշտությունները, հրամայականները եւ դրանք լուծենք»։

Ալեքսանդր Արզումանյանի ձեւակերպմամբ, ամենամեծ ձախողումն այն է, որ «վերջին 20 տարիների ընթացքում, այդպես էլ չկարողացանք ձերբազատվել գաղութային ժողովուրդ լինելու բարդույթից»:

«Եվ տարիների ընթացքում մեր հարաբերությունները նախկին գաղութարար պետության հետ չկարողացանք հավասարը հավասարի հետ հարաբերությունների վերածել, ինչի ամենացավագին դրսեւորումն է այն, որ նախկին գաղութարար պետությունը իր բանակի ստորաբաժանումներով մասնակցելու է Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսին, ինչը ամոթալի իրողություն է», - հայտարարեց նախկին արտգործնախարարը։

Արզումանյանի խոսքով, ձախողում էր նաեւ այն, որ իր անկախության առաջին տարիներին Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակ համարվող Հայաստանն այնուհետեւ շատ լուրջ նահանջ արձանագրեց այդ ոլորտում ունեցած ձեռքբերումներից: Սակայն, վերջին տարիներին քաղաքացիական հասարակության աշխուժացումը հույս է տալիս, որ հանրությունն այլեւս չի հանդուրժելու որեւէ ավտորիտար ռեժիմի նկրտումները, ասում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը եւս կարծում է, որ հայաստանյան հիմնախնդիրները կարող է լուծել միայն ու միայն հասարակությունը՝ իր ուժերի համախմբման միջոցով: Որեւէ «փրկիչ» մեր փոխարեն դա անել չի կարող, վստահ է «Ժառանգության» առաջնորդը:
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG