Մատչելիության հղումներ

Ի պաշտպանություն «Հայկական ժամանակի» հավաքվել է 1.5 միլիոն դրամ


Ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի արդեն հավաքվել է մեկուկես միլիոն դրամ։ Հարկավոր է հավաքել եւս 4.5 միլիոն դրամ` Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Լեւոն Սարգսյանին եւ Ռուբեն Հայրապետյանին վճարելու համար:

Հայաստանի դատական երեք ատյաններն էլ գտել են, որ թերթն իր հրապարակմամբ վնաս է պատճառել պատգամավորների պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին: Նրանցից յուրաքանչյուրին վճարվելու է ավելի քան 2 միլիոն դրամ:

Պատգամավորներից Ռուբեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ինքն առաջիկա մամլո ասուլիսի ժամանակ կհայտարարի, թե ինչպես է պատրաստվում ծախսել իրեն հասանելիք գումարը:

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքով, պաշտոնական հանգանակությունը կմեկնարկի դատարանից կատարողական թերթի ստանալուց հետո: Արդեն հավաքված գումարի մինչեւ 80 տոկոսը հավաքվել է վերջին օրերին, երբ սոցիալական ցանցերում ու օրաթերթի էջերում պահանջվող գումարի շուրջ ավելացան հրապարակումները:

«Հայկական ժամանակին» ֆինանսական աջակցություն են ցուցաբերում տարբեր խավի մարդիկ, բայց թերթի համար առավել հուզիչը թոշակառուների ներդրումն է։

«Թոշակառուի բերած 5 հազար դրամը ոչ միայն եւ ոչ այնքան 5 հազար դրամ է, որքան որոշակի պայմանագիր է «Հայկական ժամանակի» եւ այդ ընթերցողի միջեւ։ Դրանով «Հայկական ժամանակը» ստանձնում է պարտավորություն այդ մարդու առաջ, եւ եթե հաշվի առնենք, որ տվյալ դեպքում համընկել է պրոցեսը այնքանով, որ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը նաեւ ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված, տվյալ իրավիճակում այս պրոցեսը ստանում է նաեւ քաղաքական ենթատեքստ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Թերթի գլխավոր խմբագրի համար հանգանակությունը զուտ հաշվապահական գործընթաց չէ, այլ խմբագրակազմին բարոյական ուժ տվող նախաձեռնություն։

«Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ եթե մենք նման խնդիր դնեինք, կարող էինք նաեւ նույն օլիգարխիայից եւ այս կարգի շրջանակներից ստանալ անհրաժեշտ գումարը։ Գումարը մեզ, բնականաբար, պետք չէ։ Մեզ պետք է առաջին հերթին ընթերցողի աջակցությունը, որովհետեւ սա ավելի շատ ոչ թե ֆինանսական խնդիր է, այլ հասարակական խնդիր է, որը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընթերցողը պատրաստ է ինքը որոշակի պրոցեսներ հարուցել եւ ինքը վերահսկել որոշակի պրոցեսներ», - ասաց Փաշինյանը։ - «Ամբողջ իմաստը հետեւյալն է․ ի վերջո, օլիգարխիան ամեն օր այդ նույն մարդկանց թալանում է։ Սրանով քաղաքացին ցույց է տալիս, որ ինքը գիտի, որ այդ օլիգարխիան իրեն ամեն օր թալանում է եւ այդ թալանի տակ ինքը չի ընկրկել։ Ի վերջո այդ օլիգարխիայի հատուցման պահը գալու է։ Շատ դեպքերում մարդիկ հաճույքով գալիս եւ դա են տալիս՝ իրենք ուզում են, որ ֆիքսվի, որ օլիգարխիան անձամբ իրենց բարեկեցության վրա ազդել է»։

«Հայկական ժամանակին» կարելի է գումար փոխանցել ինչպես բանկային, այնպես էլ բջջային հեռախոսների միջոցով ու առձեռն: Թոշակառուներն իրենց գումարը խմբագրություն են տանում: Թերթի հաշվապահն ասում է, թե իրենց ընթերցողները մեծ ոգեւորությամբ են վճարումներ կատարում։

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատարանի որոշումը համարելով անարդար՝ նման դեպքերում կարեւորում է լրատվամիջոցների համախմբվածությունն ու համերաշխությունը։

«Համախմբվածությունը այն չէ՝ իմ պատկերացրած համախմբվածությունը չկա։ Բայց սա արդեն այն դեպքն է, որտեղ մի կողմ պիտի դնեն ցանկացած տարաձայնություն եւ յուրաքանչյուրս ինչքան որ հնարավորություն ունի՝ փոխանցի «Հայկական ժամանակին», որովհետեւ մի ամբողջ թերթի ճակատագրի մասին է խոսքը», - նշեց փորձագետը։

«Հայկական Ժամանակը» դատական երեք ատյաններում էլ պարտվեց իր հրապարակած «Ութից յոթը ցուցակում են» հոդվածի պատճառով: Թերթը գրել էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործում շրջանառվող` հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ վերոհիշյալ երեք պատգամավորների անունները: «Հայկական ժամանակը» նշել էր, թե հարուցված քրեական գործերը առնչություն ունեն նարկոբիզնեսին, թրաֆիքինգին եւ փողերի լվացմանը: Դատարանում Սմբատ Կարախանյանը որպես վկա չի հարցաքննվել, թեեւ, ըստ Փաշինյանի, նա պատրաստակամություն էր հայտնել հաստատել իր ասածը:

please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG