Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության ձեւավորումը` անկախության ձեռքբերում


Քաղաքացիական ակտիվիստները Երեւանում պահանջում են վերջ դնել խաղաղ պայմաններում զինվորների մահվան շարունակական դեպքերին, 1 սեպտեմբեր, 2011
Քաղաքացիական ակտիվիստները Երեւանում պահանջում են վերջ դնել խաղաղ պայմաններում զինվորների մահվան շարունակական դեպքերին, 1 սեպտեմբեր, 2011
Քաղաքացիական հասարակության օրվա առթիվ երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ անկախության տարիների հիմնական ձեռքբերումը հենց քաղաքացիական հասարակության ձեւավորումն է:

«Արդեն հասել են նրան, որ պահանջում են հաշվետվողականություն այնպիսի փակ կառույցներից, ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցին է կամ բանակը: Ես դա համարում եմ բավականին մեծ ձեռքբերում», - ասաց Այվազյանը:

Մինչդեռ, ըստ Սոնա Այվազյանի, պետությունը քաղաքացիական հասարակության ձեւավորմանը ոչ միայն չի նպաստել, այլեւ ամեն կերպ խոչընդոտել է այդ կառույցների աշխատանքին:

«Եվ եթե չեն փակվել կազմակերպություններ, դա դեռ չի նշանակում, որ չեն խանգարել: Մեր կառավարությունը` որպես կանոն, իմանալով հանդերձ, որ գոյություն ունեն իրավական դաշտի խնդիրներ, դրանց ընթացք չի տվել: Ընդհակառակը` փորձել են իրավական դաշտում մտցնել այնպիսի դրույթներ, որոնք կսահմանափակեն հկ-ների գործունեությունը, նրանք փորձել են պիտակավորել հկ-ներին «գրանտակերներ» պիտակներով: Եվ դա արվել է մեծ մասամբ իշխանամետ լրատվամիջոցների միջոցով, նրանք վերահսկելու բազմաթիվ փորձեր են արել, ստեղծել են սեփական կամ «գրպանային» կազմակերպությունները», - ասաց Այվազյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի խոսքով` հաճախ հասարակական կազմակերպություններն իրենք են ինքնագրաքննվում` հարկային ծառայության ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար: Այն, որ կառավարությունը փորձում է վերահսկել այս դաշտը, հաստատում է նաեւ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի տնօրեն Դավիթ Չիտչյանը` մատնացույց անելով հկ-ների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

«Փորձելով ավելի շատ վերահսկել կառույցները, քան աջակցել նրանց` այսօր կարողացել ենք այդ օրենքի ընդունման դեմն առնել եւ կարողացել ենք կառավարության հետ հասնել այն աստիճանին, երբ խոսում ենք իրար հետ նստելու եւ ամբողջական օրենսդրական բարեփոխումների փաթեթ պատրաստելու մասին», - ասաց Չիտչյանը:

Անդրադառնալով իրենց գործունեության ոլորտների խնդիրներին «Ունիսոն» սահմանափակ կարողություններով մարդկանց հկ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ անկախության շրջանում հաշմանդամ մարդիկ գոնե իրենց իրավունքների մասին բարձրաձայնելու հնարավորություն ձեռք բերեցին, սակայն զրկվեցին գոյատեւելու բավարար պայմաններից:

«Սովետական Միությունում նրանք ստանում էին թոշակ, որով կարելի էր ապրել եւ սովամահ չլինել, ստանում էին որոշակի պարագաներ, մի խոսքով ապրում էին մի կերպ: Հիմա թոշակը այնպիսին է, որ միայն կարող է կատակի առարկա հանդիսանալ», - ասաց Ալավերդյանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն էլ փաստում է` հակակոռուպցիոն պայքարում անկախության տարիներին շոշափելի արդյունքներ ձեռք չեն բերվել:

«Մենք չենք տեսել այն քաղաքական կամքը, որը պետք է դրսեւորվեր կոռուպցիայի դեմ պայքարում` եւ ինչ-որ չափով հասկանալի պատճառներով, որովհետեւ այդ կոռուպցիան ներքին մակարդակներում չէ եւ հասնում է նաեւ քաղաքական դեմքերի մակարդակի», - ասաց Այվազյանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG