Մատչելիության հղումներ

Հայաստան լուծվող սուրճ ներկրող «Մոկոնաթ» ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով


Սեպտեմբերի 19-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ վերոնշյալ ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին՝ իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար:

«Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը և վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով», - ասված է հաղորդագրությունում։

ՏՄՊՊՀ հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաեւ հետեւյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG