Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի օլիգարխը չի մասնակցի ընտրություններին


Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ասուլիսը Մոսկվայում, 14-ը սեպտեմբերի, 2011թ.
Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի ասուլիսը Մոսկվայում, 14-ը սեպտեմբերի, 2011թ.
Հինգշաբթի օրվանից միջազգային մամուլի առաջին էջերում ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն է, ով մի քանի օրվա ընթացքում ոչ միայն կորցրեց իր առաջնորդած «Պրավոյե դելո» («Արդար գործ») կուսակցությունը, այլեւ զրկվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Ընդ որում, սկանդալային այս զարգացումներից հետո հայտնի գործարարն ընդունեց ու բացահայտ հայտարարեց, թե այդ սցենարը նախագծվել է Կրեմլում` նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի կողմից:

«Այս երկրում մի տիկնիկավար կա, ով վաղուց մենաշնորհ է հաստատել քաղաքական դաշտում, թյուր տեղեկություններ է տրամադրում երկրի իշխանություններին ու լրատվամիջոցներին եւ փորձում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Դա Սուրկովն է, եւ քանի դեռ նա համակարգում է ներքաղաքական կյանքը, Ռուսաստանում նորմալ քաղաքականությամբ անհնար է զբաղվել», - հայտարարեց Ռուսաստանի ամենահարուստ անձանցից մեկը համարվող գործարարը:

Պրոխորովը քաղաքականություն մտավ ամիսներ առաջ` ըստ էության խախտելով Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հաստատված, բայց չգրված օրենքը, որի համաձայն` օլիգարխները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ:

Այս ամիսների ընթացքում լրագրողները եւ փորձագետները հաճախ էին Պրոխորովից հետաքրքրվում` արդյոք նա չի՞ վախենում արժանանալ Միխայիլ Խոդորկովսկու ճակատագրին, ում` քաղաքականություն մտնելու փորձն ի վերջո ավարտվեց կալանավորմամբ:

«Ոչ», - հայտարարում էր Պրոխորովը եւ միաժամանակ ընդգծում, որ ինքը երբեք տեղի չի տալու Կրեմլի պահանջներին եւ առաջնորդվելու է մշտապես միայն իր սկզբունքներով:

Այժմ գործարարի աջակիցները վստահ են, որ նա քաղաքական դաշտի լուսանցքում է հայտնվել հենց իր սկզբունքայնության պատճառով:

«Լավ իմանալով Պրոխորովին` ես հենց ամենասկզբից էի ենթադրում, որ նա թույլ չի տա իրեն մատի շուրջ պտտեցնել, եւ ես ճիշտ էի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է հայտնի ռոք երաժիշտ Անդրեյ Մակարեւիչն ու հավելել. - «Գիտեմ, որ նրա համար հիմա հեշտ չէ: Սակայն ես նրան աջակցում եմ ու կարծում եմ, որ նա շատ արժանապատիվ ու անկեղծ վարվեց»:

Պրոխովի ընդդիմախոսները վերջին համագումարում ոչ միայն անվստահություն հայտնեցին միլիարդատիրոջը, այլեւ զրկեցին նրան ու նրա աջակիցներին կուսակցության վերաբերյալ որեւէ որոշում կայացնելու իրավունքից:

Չնայած դրան` Պրոխորովը վստահեցնում է, որ մտադիր չէ տեղի տալ եւ այժմ խորհում է նոր շարժում ձեւավորելու մասին:

Աջակիցների կանխատեսմամբ, սակայն, այդ շարժումը, ամենայն հավանականությամբ, կկրի ոչ թե քաղաքական, այլ հասարակական բնույթ:

«Պրոխորովի ղեկավարած երբեմնի կուսակցությունը լուրջ ցնցումների կենթարկվի, եւ Պրոխորովը նոր կազմակերպություն կհիմնի, ամենայն հավանականությամբ` հասարակական», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Անդրեյ Մակարեւիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG