Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Ժակլին Քենեդու անկեղծ խոստովանությունները


ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին եւ նրա կինը` Ժակլին Քենեդին 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասի Դալաս քաղաքում` նախագահի սպանությունից վայրկյաններ առաջ
ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին եւ նրա կինը` Ժակլին Քենեդին 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասի Դալաս քաղաքում` նախագահի սպանությունից վայրկյաններ առաջ
Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդու մահից 17 տարի անց հրապարակվել են նրա անկեղծ խոստովանությունները:

ԱՄՆ-ի նախագահի օգնական Արթուր Շլեզինգերին Ջեքի Քենեդին 8 ժամից ավելի պատմում է, թե ինչ է տեսել եւ լսել Սպիտակ տանը, ինչ կարծիք ունի համաշխարհային լիդերների, հասարակական գործիչների, նաեւ՝ իր ամուսնու նախագահության օրոք աշխատած պաշտոնյաների մասին։

Աուդիոձայնագրությունը եթեր է հեռարձակվել ամերիկյան АВС հեռուստատեսության եթերում։

Ձայնագրությունը, Ջեքի Քենեդիի ցանկության համաձայն, չպետք է հրապարակվեր մինչեւ 2044 թվականը: Նախկին առաջին տիկինը դիտարկել էր հնարավորությունը, որ իր գաղտնազերծած պատմությունները կարող են պետական գաղտնիքներ պարունակել, ուստի հրահանգել էր իր մահից միայն 50 տարի անց դրանք հրապարակել։ Սակայն նրա դուստը՝ Քերոլայնը որոշել է, որ պահը հարմար է, եւ մոր անկեղծ զրույցը արժե որ հրապարակվի իր հոր՝ նախագահ Ջոն Քենեդիի ընտրության հիսնամյակին՝ այս տարի։

Արդեն նաեւ Youtube կայքում հայտնված ձայնագրությունը կատարվել է Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից մի քանի ամիս անց։

Ժակլին Քենեդին այդ հարցազրույցում կշտամբանքով է արտահայտվում հայտնի իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի մասին` ասելով, թե իր տեգրը՝ արդարադատության նախարար Ռոբերտ Քենեդին պատմել է՝ Ջոն Քենեդու հուղարկավորության օրը նա գինովցած է եղել:

«Չեմ կարող նայել Մարտին Լյութեր Քինգի նկարներին` մտածելով, թե ինչ սարսափելի մարդ էր», - ասել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը:

Քենեդու այրին կտրուկ է արտահայտվել նաեւ մի շարք համաշխարհային լիդերների մասին. Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին բնորոշել է իբրեւ «ինքնասիրահարված» մարդ, իսկ Հնդկաստանի ապագա վարչապետ Ինդիրա Գանդիին՝ իբրեւ «բավականաչափ փշոտ եւ ահավոր կին»:

Ուինսթոն Չերչիլը, ըստ Ջեքի Քենեդիի, եղել է նրա ամուսնու հերոսը, նա մշտապես ցանկացել է հանդիպել նրան, սակայն չափազանց ուշ է դա արել, երբ Չերչիլը բավական ծեր էր, տկարամիտ, ուստի Ջեքին իր հարցազրույցում շատ է ափսոսում այդ հանդիպման համար։

Ջեքին այդ ձայնագրության մեջ նաեւ պատմել է, թե ինչքան դժվարությամբ է կարողացել արժանանալ Քենեդիների կլանի ուշադրությանը. - «Ես նրա թույլ տեղն էի, բոլորն ինձ համարում էին գզգզված մազերով ինքնահավան դուրսպրծուկ, որը կրում էր ֆրանսիական հագուստ եւ ատում քաղաքականությունը»։ Սակայն ընտանիքում տրամադրությունները փոխվել են, իրավիճակը բարելավվել է, երբ Քենեդին դարձել է նախագահ:

Նա նաեւ հիշում է, թե ինչքան մտերիմ էր ամուսնու հետ Կարիբյան ճգնաժամի տարիներին, երբ Միացյալ Նահանգներն ու Սովետական Միությունը հայտնվել էին ատոմային պատերազմի շեմին։ Որոշ ամերիկյան պաշտոնյաներ այդ ժամանակ իրենց ընտանիքները՝ կանանց, երեխաներին հեռացրել են երկրից, սակայն առաջին տիկինը հրաժարվել է լքել երկիրը։ «Եթե ինչ-որ բան պատահի, մենք բոլոր միասին պետք է լինենք, այստեղ` քո կողքին», - ասել է նա նախագահին: - «Եթե Սպիտակ տան ռմբապաստարանում տեղ չլինի, ես ուղղակի ուզում եմ լինել քո կողքին, մեռնել քեզ հետ։ Դա նաեւ երեխաներն են ուզում։ Դա ավելի լավ է, քան առանց քեզ ապրելը»։

Ժակլինը նաեւ հիշում է, թե ինչպես է ամուսինը կատակել իր հնարավոր սպանության շուրջ։

Այդ ձայնագրության մեջ, սակայն, Ժակլին Քենեդին չի հիշատակում ամուսնու մահը, միայն բազմաթիվ ջերմ խոսքեր է ասում նրա հասցեին, Ժակլինը նրան անվանում է բարի, անկեղծ մարդ, իսկական ջենթլմեն։

Ժակլին Քենեդին առաջին տիկին է դարձել 31 տարեկանում, Ջոն Քենեդու կինն է եղել 10 տարի։ Նրանք երկու զավակ են ունեցել։ Ջոն Քենեդու մահվանից 5 տարի անց՝ 1968-ին նա ամուսնացել է հույն միլիոնատեր Արիստոտել Օնասիսի հետ։ Մահացել է 1994 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG