Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայոց բանակը խաղաղության երաշխավորն է մեր տարածաշրջանում»


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ չորեքշաբթի օրը Սարդարապատի հուշահամալիրում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են երկրի արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչները եւ դիվանագետները:

«Մենք մեր անկախությունը վաստակել ենք աշխարհին ու ինքներս մեզ ապացուցելով, որ մեր հողի վրա իրավունք ունենք ապրելու մե՛ր կերպով ու մե՛ր արժեքներով: Ապացուցել ենք առաջին հերթին մեր բանակի հաղթանակներով: Բանակ, որը ծնվեց մարտի դաշտում ու պատերազմի հնոցում դարձավ մեր նորանկախ պետականության կուռ վահանը եւ անխախտ հենասյունը: Եվ հզորանալով ու ամրանալով` Հայոց բանակն այսօր ապավենն է ոչ միայն հայաստանցու անվտանգ ու ստեղծագործ կյանքի, այլեւ խաղաղության ու կայունության մշտարթուն երաշխավորն է մեր տարածաշրջանում: Նա պատրաստ է խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի դեմ` լինի մեր սահմաններին, զավթիչի տանիքի տակ, թե ցանկացած այլ կետում», - ասել է Սերժ Սարգսյանը իր շնորհավորական խոսքում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

««Պետական մտածողություն ունեցող, կրթված ու կարգապահ զինվորը եւ նրա ոգին են մեր բանակի մարտունակության գրավականը: Մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու ենք` ժամանակին համաքայլ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով ապահովելով մեր զինված ուժերը: Սակայն ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ», - շեշտել է նախագահը: - «Ամեն օր, քայլ առ քայլ ամրացնելու ենք այն լարերը, որոնք բանակը կապում են քաղաքացիական հասարակության հետ: Զինվորին դարձնում քաղաքացի ու քաղաքացուն` զինվոր: Միաժամանակ, սակայն, պետք է անխնա կտրատենք այն վնասակար թելերը, որոնք ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են բանակը, որոնք զինվորին ու սպային խճճում են կենցաղային ու տնտեսական խնդիրների հորձանուտում: Միայն այս կերպ զորացնելով մեր բանակը` կարող ենք վստահ լինել, որ կկարողանանք խափանել մեր երկրի ազատությանն ու անկախությանը սպառնացող ոխակալ թշնամու հարվածը»:

«Դիվանագիտական հաղթանակները մենք կարեւորում ենք ոչ պակաս, քան հաղթանակը ռազմի դաշտում: Մենք կարեւորում ենք նաեւ մեր երկրի առջեւ ծառացող մարտահրավերներին դիմակայելու հարցում Ազգային անվտանգության մարմինների աշխատանքը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք անցյալում ենք թողնում անկախության դժվարին ու փորձություններով լի, բայց եւ բերկրալի երկու տասնամյակ», - նշել է նախագահը: - «Գալիք սերունդներին մենք թողնելու ենք ամուր պետականության հիմքեր ու ժողովրդավարության հիմնասյուներ: Թողնելու ենք անվտանգության պարիսպներ՝ հայոց բանակն ու արդեն կայացած քաղաքացիական հասարակության կենսունակ տնկիներ: Թողնելու ենք նաեւ իրավական պետություն-տանիք»:

«Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ ու անձեռակերտ նվաճում: Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները: Եվ իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռեւս օտար են: Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ: Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Արդեն քսաներորդ անգամ մենք ազգովի տոնում ենք կարեւորագույն իրադարձությունը` Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը: Եվ ամեն տարեդարձ բերում է մեզ նոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ, նոր հոգսեր ու նոր անելիքներ: Այդպես է լինելու նաեւ այսուհետ: Տարեցտարի ու տասնամյակից տասնամյակ», - վստահեցրել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG