Մատչելիության հղումներ

Հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչները քննարկեցին բանակի խնդիրները


Հասարակական ակտիվիստները բողոքում են խաղաղ պայմաններում զինվորների շարունակական մահվան դեպքերի դեմ, 8 օգոստոս, 2011
Հասարակական ակտիվիստները բողոքում են խաղաղ պայմաններում զինվորների շարունակական մահվան դեպքերի դեմ, 8 օգոստոս, 2011
«Իրավիճակը հայկական բանակում» թեմայով չորեքշաբթի կայացած քննարկմանը մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները հայկական բանակում առկա խնդիրների վերաբերյալ:

Քննարկումը, որին մասնակցում էին հասարակական եւ պետական կառույցների ներկայացուցիչներ, կազմակերպել էր «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնող խումբը:

Նախաձեռնող խմբի անդամները ներկայացրեցին այն խնդիրները, որոնք, իրենց դիտարկմամբ, խոչընդոտում են բանակում առողջ մթնոլորտի ձեւավորմանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարեւորեց զինվորական օմբուդսմեն ունենալու հանգամանքը: Նրա կարծիքով` մարդու իրավունքները այդ համակարգում խախտվում են սկսած զորակոչի գործընթացից. զորակոչում են անգամ հաշմանդամներին, հստակեցված չեն այն չափանիշները, որոնց պարագայում որոշվում են ծառայության համար ոչ պիտանի տղաները:

«Իհարկե, հրապարակային ասում են, որ պլանային ցուցանիշներ չկան, այնուամենայնիվ, սովետական այն համակարգը, ցավոք սրտի գործում է նաեւ հիմա` ամեն գնով ապահովել մարդաքանակ», - ասաց Սաքունցը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը ներկայացրեց մի շարք խախտումներ, որոնք թույլ են տալիս քննիչները:

«Դեպքի վայրերը լավ չեն պահպանվում, իսկ դեպքի հանգամանքների չպահպանումը կամ ինչ-որ իրի կորուստը հետագայում հանգեցնում է քրեական գործերի` ճիշտ ճանապարհից շեղմանը», - ասաց փաստաբանը:

Սաֆարյանը խոսեց նաեւ բանակում գրանցվող մահվան դեպքերի կանխարգելման անհրաժեշտության մասին. - «Զինվորական ոստիկանությանը երեւի չի հաջողվել դառնալ այն կառույցը, որը ի սկզբանե կարողանա մուտք գործել բանակ եւ տեսնել նախապատրաստվող հանցագործությունները եւ կանխել դրանք, որը շատ կարեւորում եմ: Այսինքն մենք կարող ենք մահեր չունենալ եւ այսպես ասած ինքնասպանություններն էլ չլինեն, եթե դրան նախորդող գործընթացը վերահսկելի լինի այն մարմինների կողմից, ովքեր պարտավոր են ի սկզբանե դրանով զբաղվելու»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հավելեց, որ հաճախ նախաքննական մարմնի կողմից միտում է զգացվում գործի քննությունը տանել հստակ ուղղվածությամբ, որը բացառում է սպանության փաստը:

«Բանակում մահվան ելքով ավարտվող բոլոր քրեական գործերը հարուցվում են սպանության հետ կապ չունեցող հոդվածներով: Մի դեպքում քրեական գործը հարուցվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, մեկ այլ դեպքում` զենքի հետ վարվելու կանոնները, մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածներով, այսինքն զգացվում է այն հստակ միտումը, որ ի սկզբանե դրվում է կոնկրետ գործերով նախաքննությունը իրականացնող մարմինների առջեւ` գործի քննությունը տանել հստակ ուղղվածությամբ, որը կբացառի սպանության փաստը», - ասաց Շուշանյանը:

Բանակում մահացած զինվորներից մեկը հայրը` Ռոբերտ Միրզոյանը կարծիք հայտնեց, թե քանի դեռ բանակում «այլ բարքեր են գործում», պատժելիության մասին խոսելն ավելորդ է:

«Եթե այսօր հրամանատարը ենթարկվում է յախշիին` տվյալ զորամասում գտնվող ժամկետային զինծառայողին, ապա ինչի՞ մասին է խոսքը», - ասաց զոհված զինվորի հայրը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, արձանագրելով բանակում խնդիրների առկայությունը, նշեցին, որ բացասական քողի տակ այն ներկայացնելը ճիշտ չէ: Նախարարության աշխատակից Վարուժան Ավետիսյանը հայկական բանակի հիմքերը տեսնում է Խորհրդային Միությունում:

«Փոխանակ ստեղծենք հայկական պետություն եւ նրա ներսում համապատասխան հայկական համակարգեր, այդ թվում նաեւ պաշտպանական համակարգ, ընդամենը իներցիայի հիման վրա ստեղծել են սովետական, տխեղծ սուրոգատ` դրանից բխող բոլոր հետեւանքներով», - ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանի կարծիքը չկիսելով` նախարարության իրավաբանական վարչության աշխատակից Արտյոմ Սեդրակյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անում են` կանխելու անօրինականությունները զինված ուժերում: Նա նշեց, թե հասարակությունում պետք է վերանա սպայի կերպարի բացասական կարծրատիպը. - «Սպայի խելագար կամ բռի, ամբարտավան կերպարը պետք է իրոք վերացնենք մեր մեջ: Հավատացած եմ, որ շատերն են այսպես կարծում` խորհրդային ոչ բոլոր երեւույթներն էին, որ մեզ վնաս էին», - ասաց Սեդրակյանը:

Քննարկման մասնակից գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե բանակի խնդիրներն անցյալի համեմատ նվազել են ու կշարունակեն նվազել: Իսկ այն, ինչ կատարվում է զինված ուժերում, նրա խոսքով, արտացոլում է հասարակության դաստիարակությունը, որն առավել վատ պայմաններում ծայրահեղ դրսեւորումներ է ստանում:

«Ցուրտ, քամի, անձրեւ... հասկանո՞ւմ եք, չէ, ի՞նչ վիճակի մեջ է զինվորը, սպաները. դրանք սթրեսային իրավիճակներ են, եւ այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, իրականում նոր չէ, անընդհատ կրկնվում է», - ասաց Տեր-Թադեւոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG