Մատչելիության հղումներ

«Եվրանեսթ»-ը կանցկացնի իր առաջին լիագումար նիստը


«Եվրանեսթ»-ի լոգոն
«Եվրանեսթ»-ի լոգոն
Մայիսին հիմնադրված «Եվրանեսթ»-ը, որը Եվրոպական խորհրդարանը եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները միավորող կառույց է, սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում կանցկացնի իր առաջին լիագումար նիստը:

Նիստին մասնակցելու է մեկնել նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են իշխող կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «Եվրանեսթ»-ը եվրոպական ինտեգրացիայի եւս մեկ հնարավորություն է փաստորեն ընձեռում, Հայաստանը ի՞նչ ձեւով կարող է այդ հարթակն օգտագործել, եւ այն ժողովրդավարական չափանիշների առումով չի՞ կարող Հայաստանի գլխին կախված հերթական սուրը դառնալ», Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանը արձագանքեց. - «Համենայն դեպս, հայկական պատվիրակությունը շահագրգռություն ունի խորացնել Եվրոպայի հետ Հայաստանի ինտեգրացիան: Հայտարարություններ են արվել` Ազգային ժողովի նախագահի կողմից, երկրի նախագահի կողմից, եւ նաեւ պատվիրակության ներսում կա շահագրգռությունը իսկապես Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները բարձրացնել մի նոր որակական աստիճանի»:

«Թե ինչպիսին կլինի հետագան` արդյո՞ք դա կբերի այնպիսի իրավիճակի, որ, ըստ էության, Հայաստանը չկարողանա կատարել ստանձնած պարտավորությունները` չեմ կարծում, որովհետեւ հիմնադիր փաստաթղթերը` Կանոնադրությունը եւ Հռչակագիրը, այնպիսին են, այնպիսի հնարավորություն են տալիս երկրին, որ ինքը եվրոպական կողմի հետ համաչափ սահմանի իր շահերը, իր առաջնահերթությունները եւ գործընթացի արագությունը», - ընդգծեց պատգամավորը:

«Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ հարցի` նախատեսո՞ւմ է արդյոք Հայաստանը որեւէ հարց բարձրացնել խորհրդարանական վեհաժողովի չորս` քաղաքական, տնտեսական, էներգետիկ անվտանգության, սոցիալական հարցերի հանձնաժողովներից մեկում, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. - «Նախատեսվում է, եւ հենց այդպիսի հարցեր ներկայացվել են: Մեր պատվիրակության կողմից ներկայացվել են երկու տասնյակից ավել առաջարկություններ` ամենատարբեր հանձնաժողովներին վերաբերող զեկույցների կապակցությամբ: Մի քանի ամիս է, ինչ ներկայացրել ենք մեր պատկերացումները այդ ոլորտներում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների կտրվածքով` թե ինչ ենք պատկերացնում եւ ինչ է ցանկանում Հայաստանը ունենալ»:

Օրինակ, ըստ նրա, էներգետիկ ոլորտում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հարաբերություններին առնչվող զեկույցի շուրջ առաջարկներ ներկայացնելիս եւ կարծիք հայտնելիս հայկական կողմը, «անշուշտ, առաջնորդվել է նրանով, որ Հայաստանը կարողանա մասը կազմել այդ նոր համակարգերի եւ նոր ծրագրերի»:

«Որքանով դրան կնպաստեն պրակտիկ իրողությունները` սա այլ խնդիր է, բայց, համենայն դեպս, մեր խորհրդարանականների ցանկությունն է եղել եւ մնում, որպեսզի Հայաստանը, ըստ էության, այդ էներգետիկ բազմաշետ, բազմաչափ հանգույցի մեջ իր դերակատարումը ունենա», - ընդգծեց Սաֆարյանը` հավելելով. - «Նույնը վերաբերում է, ի դեպ, մյուս հանձնաժողովներին, որոնք ուղղակի տվել են վերջին շրջանի զարգացումները, տվել են երկու կողմերի ակնկալիքները»:

«Հիմա, իսկապես, խաղի կանոնների հաստատման շրջան է Եվրամիության եւ այս հինգ երկրների միջեւ, եւ այս կտրվածքով` բոլոր զեկույցները առավելապես, համենայն դեպս` այս պահի դրությամբ, դեռեւս խաղի կանոններ են ֆիքսում», - ամփոփեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը: Եվրոպական կողմը չի ցանկացել «Եվրանեսթ»-ում աշխատել Բելառուսի հետ` այդ երկրում անցկացված վիճահարույց նախագահական ընտրությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG