Մատչելիության հղումներ

«Տատիկ-պապիկի» հուշարձանը շարունակում է անմխիթար վիճակում մնալ


«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշը համարվող «Մենք ենք, մեր սարերը» (կամ «Տատիկ-պապիկի») հուշարձանը շարունակում է մնալ անմխիթար վիճակում:

Այս մասին այսօր ահազանգել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը` համացանցում տարածելով մի տեսանյութ, որտեղ երեւում է հուշարձանի վրա արված բազմաթիվ գրառումներն ու փորագրությունները:

«Ազատություն» ռադիոկայանը դեռ մեկ տարի առաջ էր անդրադարձել այս խնդրին, սակայն ոչինչ չի փոխվել` հուշարձանը շարունակում է մնալ աղբով շրջապատված, կավիճով ու տարբեր տեսակի փորագրություններով աղավաղված: Իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանը չի զբաղվում այս խնդրով:

«Այդ հուշարձանը համայնքի սեփականությունն է եւ, բնականաբար, համաձայն օրենքի, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հոգ տանել իրենց տարածքում գտնվող հուշարձանների մասին, սակայն դեռեւս որեւէ առաջարկ, նախագիծ համայնքից չենք ստացել: Մենք կսպասենք որոշակի ժամանակ, եւ եթե միջոցներ չկիրառվեն համայնքի կողմից, ապա մենք կդիմենք օրենքով նախատեսված քայլերին», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

«Մենք կա'մ կառաջարկենք կառավարությանը փոխել հուշարձանի կարգավիճակը, այն դարձնել համապետական նշանակության հուշարձան եւ ուղղակի սկսել կազմակերպել հուշարձանի հետ առնչվող բոլոր խնդիրները, կա'մ պետք է պարտավորված լինենք քաղաքապետարանի հանդեպ կիրառել համապատասխան միջոցներ», - ասաց Շահվերդյանը:

«Մենք ենք, մեր սարերը»` ազգային տարազով տարեց տղամարդու եւ կնոջ հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին, քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը: Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից եւ խորհրդանշում է ղարաբաղյան հողի եւ ժողովրդի արմատների միջեւ արյունակցական կապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG