Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան․ «Յուրաքանչյուր ողջամիտ քաղաքական ուժ կփորձեր նախապատրաստվել ընտրություններին, ոչ թե խոսել հեղափոխությունից»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անարդար եւ անհիմն է համարում իշխող կոալիցիայի հետ երկխոսությունը առկախելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որոշումը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին մի խումբ երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Տիգրան Առաքելյանի կալանավորումը դարձավ ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախման առիթ: Ընդդիմությունը նրան քաղբանտարկյալ է համարում։

«Արդար չէ իրենց մոտեցումը, նաեւ՝ անհիմն է։ Ի՞նչ կապ ունի Տիգրան Առաքելյանը երկխոսության հետ։ Կարծում եմ, որ դա իրավական խնդիր է», - այսօր պատասխանելով ՀԱԿ-ի եւ իշխող կոալիցիայի հարաբերությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծվել, եւ եթե Տիգրան Առաքելյանը ազատ չարձակվի, ընդդիմությունը հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման միջոցով «արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում կպարտադրի» իշխանությանը, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց․ - «Հերիք է մենք հեղափոխությունից խոսենք։ Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 7 ամիս։ Յուրաքանչյուր ողջամիտ քաղաքական ուժ կփորձեր նախապատրաստվել այդ աշխատանքներին, ոչ թե խոսել հեղափոխությունից»։

ԱԺ նախագահը ընդգծեց, որ ինքը Հայաստանում հեղափոխական իրավիճակ չի տեսնում։

«Բայց ունենք Ղարաբաղի խնդիր, ունենք Թուրքիայի հետ հարաբերություններ․․․ դրանք են մեզ համար կարեւոր․․․ բազմաթիվ ոլորտներում պետք է իրականացնենք բարեփոխումներ։ Ճիշտ կլիներ, որ ՀԱԿ-ը, քաղաքական այլ ուժեր՝ նստենք, քննարկենք, թե ո՞ր ուղղությունը, ո՞ր ռեֆորմը մենք սխալ ենք իրականացնում՝ ճշտենք։ Այ, նման հարցերի շուրջ պետք է բանավեճը լինի», - հավելեց Հովիկ Աբրահամյանը։

«Օլիգոմոնոպոլիաները պետք է վերանան»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրների ցանկում պարբերաբար մատնանշում է օլիգարխիաների գոյության փաստը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե պատրա՞ստ է իշխանությունը քննարկել նման հարցեր, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ օլիգարխիաները «պետք է վերանան»։

«Ազգային ժողովը պատրաստ է յուրաքանչյուր լծակ տրամադրել կառավարությանը՝ որը կնպաստի պայքարել օլիգոմոնոպոլիաների դեմ», - վստահեցրեց ԱԺ նախագահը։

Ի դեպ՝ Հովիկ Աբրահամյանի անունը հիշատակված էր անցյալ ամիս Հայ ազգային կոնգրեսի հրապարակած 87 էջանոց փաստաթղթում՝ Սահմանադրության պահանջներին հակառակ ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորների ցանկում։ ՀԱԿ-ը նշել էր, թե Հովիկ Աբրահամյանին են պատկանում 1600 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, ավազի հանքեր, շուրջ 10 ձեռնարկություններ, գազալցակայաններ, բենզալցակայաններ։

Այս առնչությամբ ԱԺ նախագահը պարզաբանեց․ - «Իմ հասցեին այնքան բան կար գրված, որ ես բոլորը նվիրում եմ իրենց՝ թող գնան ստանան»։

Հովիկ Աբրահամյանի անունը հիշատակվել էր նաեւ Wikileaks կայքի կողմից հրապարակված ամերիկյան գաղտնի դիվանագիտական փաստաթղթերում։ Մասնավորապես` դրանցից մեկում Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը վկայել էր, թե իր հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը կոռուպցիային եւ տնտեսական բարեփոխումներին առնչվող քննարկման ժամանակ ասել է` վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի շատ խոսում է, քան գործում։

«Ես փոխդեսպանի հետ որեւէ անգամ հանդիպում չեմ ունեցել, ուրեմն՝ չէր էլ կարող լինել ինչ-որ խոսակցություն», - այսօր այս առթիվ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ հավելելով․ - «Wikileaks-ի բոլոր բացահայտումներից ելնելով ուզում եմ խորհուրդ տալ որոշ քաղաքական գործիչների, որ միշտ խոսում են պատերի տակ, ժողովրդի հետ, որ կարող է օրը գա՝ իրենց խոսակցությունները, իրենց մտքերը հանրության համար հասանելի լինի։ Եվ դրա համար հորդորում եմ, որ բոլորը իրենց խոսքերում, մոտեցումներում լինեն չափավոր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG